Վրաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան եւ դերասանուհի Թամարա Գվերդցիթելին Երեւանում է` «Վերադարձ» խորագիրը կրող համերգային ծրագրով, որը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ապրիլի 12-ին կայացած ասուլիսում «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը նշեց, որ համերգը հնարավոր է դարձել երկարատեւ բանակցությունների արդյունքում: Նա հայտնեց, որ երգչուհին շատ տարիներ առաջ է եղել Երեւանում, համերգի խորագիրն այդ առումով խորհրդանշական է:
«Երջանիկ եմ, որ վերադարձել եմ Երեւան: Սա սոսկ համերգ չէ, այլ հսկայական պատասխանատվություն, հուզում, երաժիշտներն անհամբեր սպասում են համերգին, որը կայանալու է մշակութային երկրում ու հինավուրց երաժշտական քաղաք Երեւանում, որտեղ գտնվելը միշտ ոգեշնչում է»,-ասաց Թամարա Գվերդցիթելին:
Մանրամասները` տեսանյութում:
Ասուլիսի ընթացքում նա հիշեց Միշել Լեգրանի հետ 1991 թ. իր ճակատագրական հանդիպման մասին. Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում, երբ բեմ է բարձրանում Թամարա Գվերդցիթելին, Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարիզ, հիշիր այս անունը»:
«Ձայնագրությունս ուղարկեցինք մաեստրոյի աշխատավայր, եւ ճակատագրի նվերն էր, որ այդ ձայներիզը հասավ նրան, որովհետեւ հազարավոր մարդիկ էին ուղարկում ողջ աշխարհից, սակայն ոչինչ չէր ստացվում: Մաեստրոն լսել էր երգերս ու ինձ հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել»,-հիշում է երգչուհին:
Մանրամասները` տեսանյութում:
Նաեւ հավելում է, որ շատ ջերմ է եղել իրենց հանդիպումը, շփվել են որպես երաժիշտներ, դաշնամուրով նվագել եւ Լեգրանի, եւ Բախի գործերից: «Շնորհակալ եմ ճակատագրին, որ հանդիպեցի Միշել Լեգրանին»,-ասում է արտիստուհին:
Մանրամասները` տեսանյութում:
Իր այցեքարտերի մասին էլ խոսեց: Թամարա Գվերդցիթելին նշեց, որ նախկին խորհրդային տարածքի համար իր այցեքարտային երգերն են «Виват, Король» եւ «Мамины глаза» ստեղծագործությունները, իսկ Վրաստանի համար այցեքարտային է իր հայրենիքին նվիրված երգը, որը հենց ինքն է գրել:
Ինչ վերաբերում է «Виват, Король»-ին, այն նվիրված է եղել խորհրդային լավագույն ֆուտբոլիստներից Օլեգ Բլոխինին եւ կատարվել է հրաժեշտի խաղի ժամանակ: Երգչուհին ասում է, որ այն մեկ գիշերում գրված երգ է, եւ չէր սպասում, որ այդքան ժողովրդականություն կվայելի:
Մանրամասները` տեսանյութում:
Թամարա Գվերդցիթելին իր անվանն էլ անդրադարձավ, ասաց, որ ծնողներն իրեն մեծ տատի անունով են անվանակոչել եւ հավակնություններ չեն ունեցել, թե թագուհու անուն են դնում իրենց դստերը, քանի որ ծնողները մտավորական մարդիկ են եղել` մանկավարժ եւ կիբեռնետիկ: Իսկ նախնիները ազնվականներ են եղել, որոնք երբեք չեն կարեւորել նյութական արժեքները:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ