Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամի կոչը ԵՊՀ-ին եւ ոստիկանությանը

Ապրիլ 12,2018 14:45

Վաղվանից «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները միասնական գործողություններ կիրականացնեն Ազատության հրապարակում: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: «Վաղվանից ակտիվ գործողություններ են լինելու եւ դրանք հիմնականում տեղում որոշվող են լինելու: Վաղվանից չորս օր մեծ հնարավորություն կա կանգնեցնելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը եւ թույլ չտալու, որ նա շարունակի իր ավերածությունները»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

ԵՊՀ ղեկավարությունը կոչ եւ հորդոր էր հղել երիտասարդներին՝ քաղաքականությամբ չզբաղվել: «ԵՊՀ-ն երեւի նախ խորհրդի կազմից հանի Սերժ Սարգսյանին, որպեսզի իրենք էլ քաղաքականությամբ չզբաղվեն: ԵՊՀ-ի արձագանքը դասական, կոմունիստական կուսակցության գիծ ստեղծող համալսարանի արձագանք էր: Մարդիկ իրականացնում էին իրենց ազատ քաղաքացիական իրավունքը՝ իրազեկում էին կատարում»,- հակադարձում է Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը ԵՊՀ խորհրդի ղեկավարն է, քանի որ այնտեղ մարդկային եւ երիտասարդության ամենամեծ ներուժն է հավաքված, որը կարող է իրենց վերահսկողությունից դուրս լինել, ազատ մտածողություն լինի եւ այդ պատճառով ամեն ինչ անում են, որ սահմանափակեն ազատ մտածողությունը:

Խոսելով երիտասարդության ակտիվության եւ քաղաքացիական, քաղաքական գործընթացներին մասնակցության մասին, Արմեն Գրիգորյանն ասաց՝ իրենք սահմանափակում չեն դրել իրենց պայքարին միացողների համար, բայց երիտասարդներն ավելի ակտիվ եւ վճռական են ու հավատում են, որ այն, ինչի համար պայքարում են, ստացվելու է: Ի դեպ, իրենց գործողությունների առաջին օրերից ցայսօր՝ դրական շարժ են տեսնում, իրենց միացող մարդկանց թիվը գնալով ավելանում է:

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ երեկվա երթին, որի ժամանակ չորս փողոց էին փակել: Հստակեցնում է՝ Բաղրամյան փողոցը ոստիկաններն էին փակել, իրենք էլ ստիպված կանգնել են, ուստի, այդ պատասխանատվությունն ընկնում է ոստիկանության վրա: Ի սկզբանե հայտարարել էին, որ շրջափակելու են ՀՀԿ գրասենյակը, բայց չեն շրջափակել, քանի որ շատ մարդկային ռեսուրս էր պետք, բայց իրենց գործողություններով իշխող ՀՀԿ-ին ուզում են ասել՝ հակազդեցության են արժանանալու: Երեկ ոստիկանությունը համագործակցության կոչ էր արել: Արմեն Գրիգորյանն էլ ոստիկաններին է առաջարկում համագործակցել իրենց հետ եւ փողոց փակելով չխոչընդոտել խաղաղ երթերին: Հավաստիացնում է, որ իրենց ցույցերը «ֆունդամենտալ խնդիր չեն կրում»: Ասում է՝ իրենց երթերն էլ հենց Սահմանադրությունը պաշտպանելու համար են:

Մյուս բանախոս, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը ուշագրավ է համարում, որ երբ առաջին անգամ գնացին ՀՀԿ-ի գրասենյակի մոտ՝ նստացույցի, ոստիկանները հեռացան, իսկ երեկ կային, քանի որ ՀՀԿ-ի առաջնորդն էր այնտեղ: Ասում է, սա ցույց է տալիս, որ մեր պետությունում բոլոր ինստիտուցիոնալ համակարգերը ծառայում են միայն մեկ մարդու:

Հարց հնչեց՝ եթե ոչ Սերժ Սարգսյանն, ապա ո՞վ: Մարինա Կարապետյանն ասում է՝ ինչ-որ մի խումբ չի առաջադրելու թեկնածուին, դա պետք է անի ողջ հասարակությունը, այլապես վերարտադրությունը շարունակվելու է: Այս պահին պետք է խնդիրը լուծել՝ ժողովրդավարական համակարգով ընտրել վերնախավին:

Կոնտր-էլիտայի բացակայության մասին էլ Արմեն Գրիգորյանն ասում է՝ չի ընդունում այն միտքը, որ պայքարը պետք է հանունի լինի, որեւիցե պայքարի մեջ Սերժ Սարգսյանի անունը չպետք է տալ, որ անձնավորված է եւ այն: Հավելում է՝ եթե անգամ չկա այլ թեկնածու, Սերժ Սարգսյանը հիմնավոր պատճառ է, որպեսզի թույլ չտրվի շարունակել ավերածությունները: «Այն մարդիկ, որ մեզ ասում են՝ հանուն ինչի՞ ենք գալու, իմ կարծիքով, ավելի շատ ուզում են, որ Սերժ Սարգսյանը մնա եւ ավերածությունները շարունակի: Սերժ Սարգսյանը ձախողել է, նա մարտահրավեր է Հայաստանի համար եւ պետք է հեռանա: Եվ սա հանուն է՝ հանուն Հայաստանի: Մնացածը դեմագոգիա է »,- ասաց բանախոսը՝ հիշեցնելով, որ ըստ Սահմանադրության, եթե ՀՀԿ-ն երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, ապա նոր ընտրություններ են նշանակվում եւ այդ ընտրություններում նորմալ առաջնորդ ենք ընտրում:

Դիտարկմանը, որ մարդիկ հավատ չունեն փողոցային պայքարի նկատմամբ, քանի որ ժամանակին լիդերներից մեկն ասաց՝ գնացեք թեյ խմելու, մյուսն էլ տարավ աղոթելու, բանախոսները հակադարձեցին՝ պայքարը մեկ օրվա գործ չպետք է դիտարկել եւ մարդիկ սա հստակ պետք է հասկանան: Արմեն Գրիգորյանը համոզված է՝ եթե հիմա փողոցում չորս օր բավարար քանակի մարդիկ լինեն, հաղթելու են:

Եթե, այնուհանդերձ, ամսի 17-ին, Սերժ Սարգսյանը ընտրվում է վարչապետ, իրենք պայքարը չեն դադարեցնելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30