Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածուներ են եղել, բայց անուններ չհրապարակեց

Ապրիլ 12,2018 14:39

Այսօր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, կառավարության փակ նիստից հետո, պատասխանելով հարցին, թե Սերժ Սարգսյանից բացի, արդյոք եղե՞լ են վարչապետի այլ թեկնածուներ, որքանով է ճիշտ ժողովրդավարական երկրում միայն մեկ թեկնածուի հարց քննարկել, չե՞ն եղել այլ թեկնածուներ, որոնց հարցը եւս քննարկվել է, ասաց՝ «Ժողովրդավարությունը չպետք է շփոթել ժողովրդավարության իմիտացիայի հետ: Ներքին ժողովրդավարությունն է այն, որ մենք ունենում ենք քննարկումներ եւ բավականին լուրջ քննարկումներ եւ պարտադիր չէ, որ այդ քննարկումները դառնում են ի վերջո ֆորմալիզացված քվեարկություն: Եթե որեւէ մեկը ենթադրում է, որ ֆորմալ դրվեն երեք թեկնածու, հետո քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ այս կամ այն թեկնածուն անցնի, դա էլ ներքին ժողովրդավարություն է՝ ոչ, ներքին ժողովրդավարությունը դա բաց քննարկումներն են կուսակցության ներսում: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ կուսակցության ներսում այդ քննարկումները բավականին բաց եւ երբեմն նաեւ թեժ, եղել են: Դետալների մասին չեմ խոսի, որովհետեւ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»:

Ճշտող հարցին, թե այլ թեկնածուների անուններ եղե՞լ են, այլ անուններ հնչե՞լ են, Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Քննարկումներ եղել են եւ բնականաբար քննարկվել են բոլոր հնարավոր տարբերակները: Նաեւ հաշվի առնելով առկա մարտահրավերները: Ի դեպ, այդ քննարկումները տեղի ունեցան նաեւ անմիջապես խորհրդարանական մեծամասնության ձեւավորումից հետո»:

Ըստ նրա, յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու. «ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել եւ չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»: Նրա ներկայացմամբ, թեկնածուները հավակնության են արժանանում Գործադիր մարմնի կողմից, հաստատվում են խորհրդի կողմից, ֆորմալ գործընթացներն իրականացվում են խմբակցության կողմից. «Ասեմ, որ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածուի քննարկումները բավականին բաց են եղել, երբեմն նաեւ թեժ են եղել»: Այդուհանդերձ, պարոն Հարությունյանը որեւէ անուն չհրապարակեց, թե ովքեր են եղել վարչապետի թեկնածուները՝ պատճառաբանելով, որ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են:

Հարցին, թե մասնավորապես քննարկվե՞լ է, արդյոք, Կարեն Կարապետյանի թեկնածությունը, Դավիթ Հարությունյանն ասաց. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահն է, նա շատ ակտիվ մասնակիցն է ու նախաձեռնողը քննարկումների, նա, լինելով կուսակցության առաջին փոխնախագահ, ակտիվ մասնակից, նախաձեռնող անձանցից է քննարկումների»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30