«Ալիեւի կառավարման առաջիկա յոթ տարիների ընթացքում ևս սրացումների պետք է սպասել, միշտ պատրաստ լինել»,- «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ռազմինֆո»-ի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը:
Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ Իլհամ Ալիևի քաղաքականության մեջ չարժե սպասել արմատական փոփոխությունների, բայց դա չի նշանակում, որ չպետք է սպասել վտանգների. «Իր իշխանության առաջին տարիներից Իլհամ Ալիևն իր քաղաքականությամբ ցույց է տվել, որ հայերի հանդեպ բարեհաճ վերաբերմունք չունի: Հիշենք 2004-ին Բուդապեշտի ցավալի դեպքերը, նաև տարբեր տարիների ընթացքում նրա վերաբերմունքը: Նույն քաղաքականությունն ու վերաբերմունքը կշարունակվի: Իր քաղաքականությունը նաև դրա վրա է հիմնված: Վերջին շրջանում նրա հայտարարություններն էլ էին դա ցույց տալիս: Ուստի արմատական փոփոխությունների սպասել չարժե»:
Անդրադառնալով լայնածավալ պատերազմի վտանգի մասին մտահոգություններին՝ պարոն Հովհաննիսյանը նշեց. «Կարծում եմ՝ այս հարցում գուշակություններ անելը մի քիչ սպեկուլյացիաների ոլորտ է մտնում, քանի որ նայած թե մենք ինչ ենք հասկանում՝ լայնածավալ ռազմական գործողություններ ասելով: Եթե հասկանում ենք բոլոր ճակատներով, բոլոր տեսակի զրահատեխնիկայի գործադրմամբ մեծամասշտաբ ռազմական գործողություններ, այստեղ կարծում եմ որոշողը միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն: Տարբեր գերտերությունների, տարածաշրջանային տերությունների շահերն այստեղ խաչվում են, և նման քայլերը միայն երկու սուբյեկտների որոշումներով չեն կայացվում: Ապրիլյան դիրքային սրացումներ միշտ էլ հնարավոր է լինեն, և միշտ էլ դրանց պիտի պատրաստ լինենք»:
Դառնալով այն կարծիքներին, թե Ալիևը նախագահական ընտրությունների ժամկետը փոխեց, որպեսզի բանակցային գործընթացը չտուժի, վերլուծաբանն այլ բան պնդեց. «Բանակցային գործընթացում առանձնապես փոփոխություն չի լինի: Ընտրություններն ապրիլ տեղափոխելով՝ չեմ կարծում, որ Ալիևը մտածում է բանակցային գործընթացը կտուժի, թե՝ ոչ: Իր քաղաքացիներին ցույց է տալիս, որ Ադրբեջանն առայժմ բանակցային գործընթացին պատրաստ չէ»:
Տարոն Հովհաննիսյանը հայտարարեց՝ Ադրբեջանի պահանջները մաքսիմալիստական են, և պատրաստ չեն առանձնապես դրանցից հրաժարվելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ