Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սոլսբերիում թունավորված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլյա Սկրիպալի անունից, հաղորդում է BBC-ն: Դրանում ասվում է, որ աղջիկը «նոր կյանք է սկսում» և առայժմ չի ցանկանում տեսնել ո՛չ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին, ո՛չ հորեղբոր դստերը՝ Վիկտորիային:
«Ես հայտնվել եմ միանգամայն այլ կյանքում՝ համեմատած այն սովորական կյանքի հետ, որ թողել եմ մոտ մեկ ամիս առաջ, և ես փորձում եմ հաշտվել իմ հեռանկարների հետ՝ միաժամանակ ուշքի գալով հարձակումից»,- գրել է Յուլյան:
Նա պատմել է, որ իրեն հիվանդանոցից դուրս են գրել ապրիլի 9-ին, բայց Սերգեյը շարունակում է մնալ հիվանդանոցում:
«Իմ տրամադրության տակ կան հատուկ մասնագիտացած աշխատակիցներ, որոնք օգնում են հոգ տանել իմ մասին և տեղյակ են պահում քննական գործընթացի մասին: Ես կապի մեջ եմ իմ ընկերների և ընտանիքի հետ, և ինձ ասել են Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների օգնության առաջարկի մասին: Առայժմ ես չեմ ցանկանում դիմել նրանց ծառայություններին, բայց եթե մտափոխվեմ, ապա գիտեմ՝ ինչպես կապ հաստատել նրանց հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
«Ամենակարևորն այն է, որ ես անվտանգության մեջ եմ, և ժամանակի ընթացքում ինձ ավելի լավ եմ զգում, բայց դեռ բավարար չափով ուժ չունեմ լրագրողներին լիարժեք հարցազրույց տալու համար, չնայած հույս ունեմ, որ մի օր կկարողանամ դա անել: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ուզում եմ ընդգծել, որ ոչ մեկ չի խոսում իմ և իմ հոր անունից, բացի մեզնից»,- գրել է Յուլյան:
Յուլյան նաև շնորհակալություն է հայտնել իր քրոջը՝ Վիկտորիային, բայց խնդրել է չգալ իրենց մոտ և չփորձել կապ հաստատել իրենց հետ: «Կարծիքները, որ նա արտահայտում է, և նրա հայտարարությունները պատկանում են իրեն, ոչ թե ինձ կամ իմ հորը»,- գրել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ