Այսօր կառավարության առաջին դռնփակ նիստն էր: Նիստից հետո կառավարության մամուլի սրահում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին փակ նիստը, ավելի անկաշկա՞նդ էին արդյոք, բանավեճեր եղա՞ն, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ առաջին փակ նիստի օրակարգը ծանրաբեռված էր, քննարկել են 73 հարց եւ բուռն քննարկումներ են եղել. «Խնդիրը նրանում չէ, որ ավելի ազատ ենք արտահայտվել, միշտ էլ ազատ ենք, բաց ու թափանցիկ: Այսօրվա նիստն առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ փակ էր, այլ նաեւ նրանով, որ լայն օրակարգ ուներ»,-ասաց նա եւ նշեց, որ առայժմ տարբերություն չկա նիստերի բաց, թե փակ լինելու առումով։Պարոն Կարայանը ներկայացրեց, թե կառավարության նիստում քանի ներդրումային ծրագիր է ներկայացվել: Ըստ նրա, դրանք երեքն են եղել՝ որոնց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 միլիարդ դրամ, որոնց արդյունքում կստեղծվի 475 աշխատատեղ:
Ըստ պարոն Կարայանի՝ ներդրումներ են եղել գինու, կոնյակի արտադրության, թեթեւ արդյունաբերության ոլորտում։
«Կարևոր է, որ ներդրումային ծրագրերը ներառում են ինչպես օտարերկրյա ներդրումներ, այնպես էլ տեղական, ինչը մեզ համար կարևոր է: Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայում կա տնտեսական աշխուժացում վերջին շրջանում, և հույս ունենք, որ տնտեսական աշխուժացումը Հայաստանի Հանրապետությունում կշարունակվի»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Նա, նաեւ ասաց, որ նիստում քննարկվել են ադամանդների մշակման և չմշակման լիցենզավորումը ծանուցմամբ փոխարինելու գործընթացը, զբոսաշրջության ոլորտում վիճակագրության նոր համակարգ են առաջարկել, ինչը, ըստ Սուրեն Կարայանի, մեծ հնարավորություն կտա ավելի հասցեական՝ տարիքային եւ այլ չափանիշների հիման վրա հաշվառել ՀՀ այցելած զբոսաշրջիկներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ