Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆինանսական համակարգի կայունացման և մատուցվող ծառայությունների հասանելիության տասնամյակը. ՖԻԼՄ. «Արմենպրես»

Ապրիլ 12,2018 13:10

«Արմենպրես». Հայկական բանկային համակարգի համար նախորդող տասը տարիներն էական ձեռքբերումների ժամանակաշրջան էին։ Արձանագրվեց համակարգի կայունություն, մեծացավ բանկերի կապիտալը և հասանելի դարձան նրանց ծառայությունները: Զուգահեռ զարգացավ հիփոթեքային շուկան, իրականացվեցին կենսաթոշակային բարեփոխումներ և ներդրվեց պարտադիր ավտոապահովագրությունը: Սերտացավ Կենտրոնական բանկի գործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ, կրթական ծրագրերում ինտեգրվեց ֆինանսական կրթությունը, իսկ Դիլիջանում ստեղծվեց ուսումնահետազոտական կենտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս և մյուս բոլոր ձեռքբերումների պատմությունները համադրելով ստանում ենք երկրի առաջընթացի պատկերը, որը կանխորոշվեց նաև ֆինանսական առաջընթացով, ինչը փաստել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԿԲ անձնակազմին ուղղված իր խոսքում. «Կարծում եմ, ձեզ ավելի քան որևէ մեկին հայտնի է մեր տնտեսության ցուցանիշները, և ուզում եմ շեշտել, որ այդ ցուցանիշների ձեռքբերման մեջ մեծ է ձեր դերակատարությունը, ինչպես ԿԲ-ի, այնպես էլ մեր առևտրային բանկերի: Շատ կարևոր է, որ դուք, իրոք, մեծ ինքնուրույնություն եք ցուցաբերում»։

2007-2017թթ.-ին Հայաստանում տասներկուամսյա գնաճի միջին ցուցանիշը կազմել է մոտ 4 տոկոս: Բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2007թ.-ի տարեսկզբից մինչև 2018-ը աճել է գրեթե 4 անգամ: Ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշը 20 տոկոսից հասել է 77 տոկոսի, իսկ վարկերի և ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը 9 տոկոսից մինչև 45 տոկոս: Նույն ժամանակահատվածում ակտիվների ծավալը 525 միլիարդից հասել է 4.4 տրլն դրամի, վարկերի ծավալը 230 մլրդ դրամից 2.5 տրլն դրամի և ավանդների ծավալը 300 մլրդ դրամից 2.5 տրլն դրամի: Բանկային համակարգի միջնորդության նմանատիպ աճը տեղի է ունեցել փոխառու միջոցների ներգրավման հաշվին:

Ֆինանսական ծառայությունների հասանելիությունը 11 տարիների ընթացքում ավելացել է ինչպես մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու կատարելագործման, այնպես էլ սպասարկման, հեռահար նոր տեխնոլոգիաների ներդրման և ազգաբնակչության շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի զարգացման շնորհիվ: Բանկային համակարգի նկատմամբ վստահության աճի արդյունքում խնայողությունները կայուն հոսել են դեպի բանկային համակարգ, ապահովելով ավանդների ծավալների առաջանցիկ աճ, ինչն էլ թույլ է տվել բանկերին ոչ միայն ավելացնել վարկային ռեսուրսների հասանելիությունը, այլև բարելավել վարկերի ֆինանսավորման աղբյուրների կայունությունը:

Բանկերի միջև մրցակցության խորացման արդյունքում 2007թ.-ի տարեսկզբի համեմատ դրամային և արտարժույթային վարկերի և ավանդների տոկոսադրույքների սպրեդերը  նվազել են համապատասխանաբար՝ 6 և 8 տոկոսային կետերով: Վարկավորման տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ նաև ավելացել է տրամադրվող վարկերի ժամկետայնությունը:

ՀՀ-ի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն և հասանելի դարձնելու նպատակով 2009թ.-ին ստեղծվել է Ազգային հիպոտեկային ընկերությունը: Երիտասարդների համար վարկավորման նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով 2010թ.-ին ստեղծվեց նաև «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը: Ընկերությունն այսօր վարկավորում է մի շարք ծրագրեր, որոնցից ամենագլխավորը «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագիրն է։ Այն նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերից է, որով պետական սուբսիդավորման արդյունքում հիփոթեքային վարկերը հասանելի դարձան երիտասարդներին՝ ամենացածր տոկոսով: Միայն «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով բաշխվել է 1500-ից ավելի բնակարան, շահառու է դարձել 2100-ը:

Ընկերությունը սկսել է ֆինանսավորել նաև ուսանողական վարկեր, սպայական անձնակազմի կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր։ Հիփոթեքային վարկերի հասանելիությանը զգալիորեն նպաստել է նաև վարկավորման մատչելիության աճը, մասնավորապես՝ վարկավորման տոկոսադրույքների նվազումը և ժամկետայնության աճը:

Չնայած տարածաշրջանում ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների վատթարացման միտումներին, ՀՀ-ում արձանագրվել է բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության ցուցանիշների աճ:

ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի խոսքով՝  վերջին տարիներին բանկային համակարգի կարգավորման ոլորտում մի շարք  բարեփոխումներ են իրականացվել, որոնց հիմնական նպատակը ապագայում ֆինանսական համակարգի կայունության էլ ավելի ամրապնդումն էր և բանկային համակարգի երկարաժամկետ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն էր: Իսկ փոփոխություններից ամենակարևորների թվում է ԿԲ-ի կողմից կապիտալի նվազագույն պահանջի ավելացումը:

Համաձայն Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ստեղծած ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի՝ 2006թ.-ին Հայաստանը բանկային համակարգի արդյունավետ վերահսկողության հիմնարար սկզբունքներին բավարարում էր մոտ 67 տոկոսով, իսկ արդեն 2012թ-ին՝ մոտ 93 տոկոսով:

ԿԲ-ի ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպանության ռազմավարության տրամաբանությունից էր բխում Ֆինանսական համակարգի հաշտարարի կարևոր ինստիտուտի ստեղծումը, որն անվճար է և արագ լուծում է ֆինանսական հաստատության և ֆիզիկական անձ հաճախորդի միջև վեճերը:

«Հայաստանի փորձը՝ որպես օրինակելի փորձ, ցանկություն ունեն ներդնել ԱՊՀ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը: Բազմիցս հրավիրվել ենք այդ երկրներ որպես խոսնակ մեր փորձի փոխանակման և համագործակցության նպատակով», – նշում է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

2005-ից մինչև 2017թ.-ը ավելի քան երեք անգամ աճել են մեր երկրի համախառն միջազգային պահուստները՝ 755 մլն-ից մինչև 2,3 մլրդ դոլար: Այս թվերի ետևում հսկայական աշխատանք է, ու դրանց արձանագրումը ահռելի նշանակություն ունի մեր երկրի ֆինանսական համակարգի անվտանգության համար:

Այս կապակցությամբ Ֆինանսական վարչության պետ Արման Փոթիկյանը նկատում է. «ՀՀ-ի միջազգային պահուստները շարունակել են աճել վերջին 10 տարվա ընթացքում, և այս պահին գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: ԱՄՀ-ի, ինչպես նաև այլ միջազգային փորձում ընդունված մեթոդաբանությամբ, միջազգային պահուստները այս պահին գտնվում են ավելի քան բավարար մակարդակի վրա»:

Ըստ միջազգային գնահատականների՝ հայկական ֆինանսական համակարգում ներդրված են Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ոլորտի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների համակարգ, ինչի արդյունքում այս տարիների ընթացքում Հայաստանը դասվել է նմանատիպ արդյունավետ համակարգեր ունեցող եվրոպական երկրների շարքին:

Նշվածը կատարված աշխատանքի մի մասն է միայն: Այս ամենին զուգահեռ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի գործարկմամբ նոր թափ հաղորդվեց կրթական և հետազոտական գործառույթներին:

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը փաստում է, որ ներկայումս Դիլիջանը հայտնվել է միջազգային լավագույն ուսումնահետազոտական կենտրոնների շարքում և իր ուրույն տեղն ունի աշխարհի քարտեզի վրա։

Հայաստանի Կենտրոնական բանկի շրջանակներում կազմակերպվել են միջազգային և տարածաշրջանային տասնյակ համաժողովներ և հարյուրավոր դասընթացներ, որոնք ունեցել են հազարավոր մասնակիցներ: Ընդլայնվել է համագործակցությունը միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների գիտական, ուսումնական հաստատությունների հետ: Կրթական ծրագրեր են իրականացվում Բերքլիի, Հարվարդի, Սթենֆորդի, Շանհայի համալսարանների հետ:

https://www.youtube.com/watch?v=veTtcj3w72s

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30