Քիչ առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ուղերձով հանդես եկավ:
Նա մասնավորապես դիմեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի բոլոր բնակավայրերին, սփյուռքի հայ համայնքներին: Պարոն Փաշինյանն անուն առ անուն թվարկեց այս մարզերում գտնվող բոլոր քաղաքներն ու գյուղերը և հայտարարեց. «Վաղը 18.30-ին մենք մտնում ենք Երևանի Ազատության հրապարակ: Ուզում եմ ուղերձով դիմել ՀՀ բոլոր բնակավայրերին, որ իրենց պատվիրակներին, պատվիրակների խմբերին վաղը՝ 18.30-ին, գործուղեն Ազատության հրապարակ ապահովելու քաղաքացու հաղթանակը և կասեցնելու Սերժ Սարգսյանի իշխանության երրորդ ժամկետը: Մենք չենք պատրաստվում վաղը քաղաքացիներին տուն ուղարկել կամ ընդհանրապես քաղաքացիներին տուն ուղարկել: Եթե քաղաքացիներն իրենց կամքն արտահայտեն, մենք կապահովենք կամարտահայտման քաղաքական իրագործումը»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը՝ ապրիլի 13-ին, ակնկալում են Ազատության հրապարակում տեսնել տասնյակ, հարյուր հազարավոր քաղաքացիների ՀՀ բոլոր քաղաքներից, գյուղերից, սփյուռքից: Նա վստահեցրեց, որ իրենց նպատակն է հաստատել քաղաքացու անշրջելի իշխանություն:
Ավարտելով ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ գտնվում են Կոտայքի մարզում՝ մոտենում են Երևանին: Մայրաքաղաք հասնելու են վաղը՝ 13.00-ին լինելու են Հյուսիսային ավտոկայանի մոտ և 18.30 լինելու են Ազատության հրապարակում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ