Ապրիլյան պատերազմից հետո թերությունների, բացթողումների մասին խոսվեց պետական մակարդակով ու հանրությունը դրանից հետո սպասում էր, որ կլինի պատասխանատվություն դրա համար: Aravot.am-ը Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ Կոմանդոսին հարցրեց՝ ինչո՞ւ չպատժեցին պատասխանատու պաշտոնյաներին, լավագույն դեպքում պաշտոններից ազատեցին, մի՞թե դա պատիժ է: Նա պատասխանեց. «Դա ոնց որ թե պաշտպանության նախարարության անելիքն է, չեմ ուզում մեջը խառնվեմ: Դա իրենց որոշելիքն է, իրենք են որոշում՝ ում անեն, ինչ անեն: Ես իրավունք էլ չունեմ ասեմ այս հարցով»:
Երբ հարցրեցինք՝ օրինակ, Հայկազ Բաղմանյանի հետ կապված ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն անձամբ հայտարարեց, որ նա չի կատարել աշխատանքային մի շարք պայմանավորվածությունները, թերացել է աշխատանքում, ու հեռացրեց, հետո տեսանք, որ պաշտոնազրկումից հետո նրան տարան ՀԱՊԿ՝ նշանակելով ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ, դա պատի՞ժ էր՝ Կոմանդոսն ի պատասխան կատակեց. «Ուֆֆ, ուզում ես թշնամությո՞ւն անես: Ավելի լավ է ես քո հետ կռվեմ, ինչ է, ուզում ես Բաղմանյանին վատ բա՞ն ասեմ»:
Հարցին՝ դուք իր ավանդն ինչպե՞ս եք գնահատում, շատերը գտնում են, որ ռազմի դաշտում Բաղմանյանի հերոսական կերպարը խիստ տարբերվում է այն կերպարից, որը պատերազմից հետո ենք տեսնում՝ Կոմանդոսը պատասխանեց. «Ճիշտն ասած, իրեն Ղարաբաղ ես եմ տարել: Մարտակերտում հրամանատարի շտաբի պետ էր ու իր պարտականությունները շատ լավ էր կատարում իմ ժամանակ: Ես իր հետ եմ եղել: Որպես շտաբի պետ, Մարտակերտի շրջան 91-92 թվին ես եմ տարել իրան Հայաստանից»:
Մենք ճշտեցինք՝ զղջացե՞լ եք, որ տարել եք՝ նա պատասխանեց. «Չէ, ճամփեքը բան եղան, ինքը մի ուղղությամբ գնաց, ես՝ ուրիշ»:
Հարցին՝ հիմա Հայկազ Բաղմանյանի հետ ձեր հարաբերությունները լավ չե՞ն՝ Կոմանդոսը պատասխանեց՝ «ես սաղի հետ լավ եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ