Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է կազմվի նոր փաստաթուղթ և տրամաբանական կլինի, որ այն անի ՀՀ պաշտպանության նախարարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ապրիլ 12,2018 12:37

Հրապարակվել է «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը»։

Այն` իր կոնցեպցիայով, խնդիրները չպատկերացնելու խորությամբ, շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել նրա դրույթների նախնական քննարկումներից ելնելով։

Ո՞րն է փաստաթղթի վտանգավորությունը

21-րդ դարի սովորողը և այս փաստաթղթի էությունը որևէ կապ չունեն։ Սա կոնֆլիկտ է 21-րդ դարի աշակերտի, թվայնացված սերնդի և այդ սերնդի համար կրթական քաղաքականություն մշակողների միջև։ Փաստաթղթի խնդիրները, ոճը, թիրախները, ձևակերպումներն անցյալ դարի են։

Չի կարող մի երկրում լինել «Լույս» հիմնադրամ, «ԱՅԲ-ի», Շիրակացու, Մխիթար Սեբաստացի և այլ դպրոցների աշակերտներ, չի կարող նույն երկրում շախմատը ներդրվել որպես հանրակրթական առարկա և լինեն նոր տեխնոլոգիական առաջադիմական լուծումներ՝ միաժամանակ լինել նման փաստաթուղթ։

Այս փաստաթուղթը սովորական թույլ կամ թերի փաստաթղթերի շարքից չէ։ Այն վկայում է խորքային պրոբլեմի մասին՝ ճիշտ չի գնահատվում իրականությունը, ճիշտ չի դրվում խնդիրը, ճիշտ լուծումներ չի առաջարկում։

Այլընտրանքային առաջարկ

«Այլընտրանքային նախագծեր խումբը» պնդում է. կրթական համակարգի առանցքային խնդիրը ոչ թե ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, որը չափազանց անորոշ և ինչ-որ տեղ սպեկուլյատիվ ձևակերպում է, այլ՝ քաղաքացու ձևավորումը։ Ընդհանրապես՝ «ռազմա»-ն և հայրենասիրությունը ճիշտ չէ միշտ իրար կապել։ Առողջ, մտածող, ազատ քաղաքացու ձևավորման դեպքում՝ հայրենիքի նկատմամբ քաղաքացիական պարտքի և համապատասխան գիտակցության ձևավորումը կլինի շատ հարթ ու բնական։

Ինչ վերաբերում է նախազորակոչային և հարակից խնդիրներին, ապա «Այլընտրանքային նախագծեր խումբը» գտնում է, որ այստեղ, իրոք, կան խնդիրներ, որոնք պետք է ճիշտ ձևակերպել և գտնել ճիշտ լուծումները։ Սա որևէ կապ չունի տեսական բարոյախրատականության և դասավանդվող «հայրենասիրության» հետ։ Սա լուրջ խնդիր է, որի արմատներն ու լուծումներն այլ հարթության մեջ են։ Մենք առաջարկում ենք հետևյալ մոտեցումները.

Խնդրի ձեւակերպումը

Առանցքային խնդիր է նախազինակոչային տարիքի տղաների մոտ հոգեբանական, ֆիզիկական և կամային անպատրաստությունը զինվորական ծառայությանը։

Սա խնդիրներ է ստեղծում զորակոչի կազմակերպման համար, կազմալուծում է բարձր դասարաններում ուսման մթնոլորտը, շատ ընտանիքների համար արտագաղթի մասին մտածելու առիթ է դառնում, փոխում է տղաների մասնագիտական կրթության հեռանկարները և, ընդհանրապես, ամբողջ կենսագրությունները։

Հաջորդ փուլում՝ արդեն ծառայության անցնելուց հետո, սա հաճախ բերում է խորը դեզադապտացիայի և ոչ համարժեք վարքի՝ իր բոլոր դրսևորումներով։

Մենք առաջարկում ենք՝

1.Փոխել Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ողջ տրամաբանությունը։ Հրաժարվել այսօրվա ուսուցման ձևական մեթոդներից։ Դրա փոխարեն՝ ՆԶՊ նոր համակարգով բոլորը պարտադիր պետք է այցելեն զորամասեր։ Նպատակը՝ թուլացնել 18 տարեկանում պարտադիր զինծառայության անցման փուլի շոկը, դեզադապտացիան, անորոշ և, որպես կանոն, բացասական սպասումները։ Հնարավորություն տալ, որ 16-17 տարեկանում տղաները (ցանկության դեպքում՝ նաև աղջիկները) տեսնեն՝ ինչ է զորամասը, զինվորի առօրյան՝ սնունդը, հագուստը, իրական հրամանատարը։ Որտեղ է ինքը ծառայելու, ինչպիսին է լինելու իր առօրյան, միջավայրը։ Նման աստիճանական ինտեգրումը չափազանց կարևոր է։ Սա կարող է լինել բանակի մասին «վտանգավոր լեգենդների» դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը։ Հասկանալի է, որ խոսքը մեկ անգամ զորամաս էքսկուրսիայի մասին չէ։ Խոսքը պարբերական նպատակային և պարտադիր այցերի և տեղում ուսումնառության մասին է։ Այս մշակույթի ներդրմամբ շահելու են բոլորը՝ թե՛ կրթությունը, թե՛ բանակը, թե՛ զորակոչիկը, թե՛ հասարակությունը

2.Պետք է կազմակերպվել ՆԶՊ-ի ճամբարային տարբերակը՝ զորամասերում կամ մոտակա բնակվայրերում։ Ճամբարը պետք է լինի պարտադիր ու դասասենյակներից դուրս (ի դեպ, Հայաստանյան որոշ կրթօջախներում կա նման փորձ)։ Ազգ-բանակի կոնցեպցիան հենց սա է ենթադրում՝ հասարակության և բանակի չընդհատվող կապը։

3.Կտրուկ խստացնել ՆԶՊ-ի պահանջները. ավագ դպրոցներում բոլորն անխտիր պետք է սովորեն օգտվել զենքից, ունենան ոչ տեսական, այլ՝ պրակտիկ ծանոթություն զինատեսակների հետ։ Պարտադիր իրական պարապմունքներ հրաձգարաններում և այլն։

4.Կտրուկ խստացնել քաղպաշտպանության ուսուցումն աղջիկների համար։ Տեսական դասերից անցնել պրակտիկ, կիրառական ուսուցման։ Բոլոր աղջիկները պետք է ստանան առաջին բուժօգնության հիմնական գիտելիքները՝ ցավազրկել, կոտրվածքների անշարժացում, սրսկում, վիրավորի տեղափոխում և այլն։ Ամեն ինչից անկախ՝ Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է և պատերազմի մշտական վտանգի առաջ։ Որպես պարտադիր ուսման մաս ներդրվելով՝ տարիների ընթացում սա ուղղակի կվերածվի մշակույթի։

5.Դպրոցական շրջանակներում որպես պետական քաղաքականություն ներմուծել ռազմա-մարզական խաղերի հասկացությունը։ Սրանք միջդպրոցական, միջբուհական մրցումներն են՝ խաղեր, որոնք անց են կացվում հիմնականում զինվորական ծառայությանը մոտ մարզաձևերում՝ հրաձգություն, ալպինիզմ, խոչընդոտների հաղթահարում, հետախուզական խնդիրներ, տեղանքում կողմնորոշում, առաջին օգնություն և այլն։ Այս մրցումները տարբեր խրախուսանքների, տրվող իրական արտոնությունների և լուսաբանման միջոցով պետք է դառնան շատ հեղինակավոր և զանգվածային, կրեն ոչ ֆիկտիվ, ոչ ցուցադրական բնույթ, պետք է ապահովվի իրական ներգրավվածություն, իրական ոգևորություն։ Սա նաև աղջիկների համար է։

6.Պետք է կրթել ապագա զինվորներին, որոնց կրթական ցենզը սովորաբար շատ ցածր է։ Պետք ապահովել որոշակի կրթական-արժեհամակարգային ստանդարտ։ Պետք է նրանց հետ աշխատել այն լեզվով, որը նրանց ընկալելի է և այն մարդկանց միջոցով, որոնք այդ սերնդի ու խավի համար հեղինակություն են։ Պետք է հասկանալ՝ ովքեր են նրանք ու կազմակերպել նրանց մուտքը դպրոց և նրանց երկխոսությունը 15-17 տարեկանների հետ։ Դրանք կարող են լինել մարդիկ տարբեր ոլորտներից, բայց լինեն իրական հեղինակություններ։

7.Մենք ունենք ապրիլյան պատերազմի մասնակիցներ, վիրավորներ, մարտական հերթապահությունը պատվով կատարած և խաղաղ կյանք վերադարձ հազարավոր երիտասարդներ։ Պետք է ապահովել նրանց կապը 15-17 տարեկանների հետ։ Սրանից լավ նախապատրաստում դժվար է պատկերացնել։ Պետք է գտնել ճիշտ տարբերակները և սկսել աշխատել։ Ընդ որում, սա օգտակար է թե՛ նախազորակոչիկներին, թե՛ զորացրվածներին։

8.Հայաստանում պետք է ՆԶՊ և քաղպաշտպանության քննությունը համարվի դպրոցի պարտադիր ավարտական քննություն և լինի ամենաբարդը, կարևորը և օբյեկտիվը։ Սրանով մենք որակապես մեծ քայլ արած կլինենք հասարակության և բանակի կապի, անվտանգության լրջության գիտակցման և ընդհանրապես հասարակության լրջության և կայացման առումով։

Ամփոփում

Ա. Մենք արձանագրում ենք, որ իսկապես կա լուրջ խնդիր և առաջարկում ենք իրական քայլերի համակարգ, որոնք կարող են այլոց կողմից շտկվել, ավելացվել, վերամշակվել։ Բայց դրանք պետք է լինեն իրական քայլեր ու ներդրվեն։

Բ. Պետք է կազմվի նոր փաստաթուղթ և տրամաբանական կլինի, որ այն անի ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Սա ոչ միայն բարոյական իրավունքի հարց է, քանի որ սա բանակում սկսված բարեփոխումների մի հատվածն է, այլ նաև՝ տրամաբանված լուծում, քանի որ այդպես ապահովված կլինի առաջարկվող քայլերի կիրառական կողմը։ Լավ փաստաթղթի և իրական կյանքում ներդրման համար շատ կարևոր է նաև Սպորտի և երիտասարդության նախարարության, Արտակարգ Իրավիճակների նախարարությունը, ԿԳՆ, տարբեր՝ ոլորտին առնչվող ՀԿ-ների և, իհարկե, կրթօջախների ներկայացուցիչների մասնակցությունը։ Նոր և թարմ մոտեցումներով փաստաթուղթն ուղղակի պարտադրված է մեզ և կփոխի մեր առաջ կանգնած իրական խնդիրների ընկալման լրջությունը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30