Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Հարություն Կարապողոսյանը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու հետ կապված հարցին ի պատասխան ասաց. «Եթե հարցը օրենսդրական դաշտում է եւ սահմանադրական, ապա ինձ համար ընդունելի է միանշանակ, անկախ այն հանգամանքից` կուսակցության անդամ եմ, թե ոչ: Ես խմբակցության անդամ եմ եւ քաղաքական որոշումները, գիտեք, պարտադիր են բոլորի համար»:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ավելի վաղ վստահեցրել էր, որ չի հավակնում ոչ նախագահի ոչ էլ վարչապետի պաշտոնին, հիմա դրժում է իր խոսքը, Հարություն Կարապողոսյանն արձագանքեց. «Էդ էմոցիաների դաշտից է: Էդպես չեն քննարկվում դրանք, ես ասացի իմ տեսակետը»:
Հարցին՝ վարչապետի այլ թեկնածու չունե՞ն՝ Կարապողոսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ: Ի՞նչ է նշանակում, ո՞նց եք պատկերացնում` յուրաքանչյուր պատգամավոր վարչապետի մի հատ թեկնածու ունենա: Դուք կարող է ուրիշ թեկնածու ունենայիք, ես` ոչ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքն է՞լ է մտածում, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է՝ նա պատասխանեց, որ կարեւորը նրա առաջադրվելը հակասահմանադրական չէ, մնացած հարցերը երկրորդական են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ