Կառավարությունն առաջարկում է ստրիպտիզ ակումբների, դիսկոտեկների, կարաոկեների, բաղնիք, սաունաների եւ նման օբյեկտների համար սահմանափակում մտցնել: Այդ մասին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ ընդունվեց 89 կողմ, 4 դեմ ձայներով:
Մինչ քվեարկությունը «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է, քանի որ կառավարությունը ստիպում է օբյեկտների սեփականատերերին տեղափոխել իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերից եւ չթույլատրվող տարածքներից՝ առանց փոխհատուցում տալու, այսինքն, խախտվում է սեփականատիրոջ իրավունքը:
«Դեղերի մասին» օրենքի քվեարկությունից առաջ էլ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը ասաց, որ իրենք կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ հիվանդանոցներին թույլատրվեն միայն այն դեղերը, որոնք պետք են քրոնիկ եւ դիսպանսերային բուժման համար:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ նման տարանջատում չեն կարող մտցնել, ծառայությունները չեն կարող բաժանել՝ դիսպանսերային, քրոնիկ եւ այլն. «Սա առողջապահության համակարգի գործունեության սկզբունքն է, նման բաժանում ուղղակի չի կարող լինել»:
Մելքումյանն էլ արձագանքեց, որ երեկ Արա Բաբլոյանի հետ պայմանավորվել են, որ միայն սահմանափակ քանակով դեղերին է սա վերաբերում եւ ցանկը կլինի, իսկ եթե չանեն դա, հստակ չլինի, երկրորդ ընթերցմանը իրենք դեմ են լինելու:
Նախագիծն ընդունվեց 92 կողմ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ