Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին, միջազգային բորսայում ռուսական ռուբլին սկսել է մեծ տեմպերով գահավիժել։ Սա նշանակում է, որ ֆինանսական շուկայում արդեն մի քանի օր շարունակվող ցնցումների արդյունքում ռուսական տնտեսությանը կրկին դժվարին ժամանակներ են սպասվում։ Բնականաբար, այդ ամենն իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա։
Նախ՝ մեր երկրի տնտեսությունը վաղուց ի վեր կորցրել է արտաքին բացասական ազդակներին դիմագրավելու ունակությունը, այսօր պարզապես չունենք իմունիտետ։ Բացի այդ՝ ՀՀ տնտեսությունը առավել քան կախված է ռուսական տնտեսությունից՝ անմիջապես կլանելով այնտեղ կատարվող բացասական ամեն քայլ։ Այդպես էր մինչեւ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցումը (երբ 2014թ. ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտքը ՌԴ-ի նկատմամբ կրկին պատժամիջոցներ էր կիրառել), իսկ հիմա, երբ Հայաստանը տնտեսական այդ միավորման անդամ է, իրավիճակն ավելի է սրվել։
Այսքանից հետո թվում էր՝ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ սպասվող վտանգները չեզոքացնելու համար (ի վերջո, նաեւ հաշվի առնելով նախկինի փորձը)։ Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, իշխանությունները ոչ միայն դասեր չեն քաղել կատարվածից, այլեւ փորձում են հասարակությանը համոզել, թե ոչինչ էլ չի լինի։ Ճիշտ եւ ճիշտ 2008–2009թթ. համաշխարհային ճգնաժամի օրերի նման, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե այն կշրջանցի ՀՀ-ն, բայց արդյունքում ունեցանք 14 տոկոս անկում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` Կատերինա Մարտինովիչի