«Հայոց արծիվներ» շախմատային թիմը ապրիլի 8-ին ԱՄՆ-ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակչի թիմային առաջնության չեմպիոն։ Մրցաշարն անցկացվում է 2017թ․-ից, որին մասնակցում են ներկայացուցիչներ բոլոր աշխարհամասերից։
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է այս տարի՝ «Հայոց արծիվներ» թիմով և հաղթել բոլոր մրցափուլերում։ Իսկ ԱՄՆ-ում կայացած եզրափակչում հաղթել է չինական «Chengdu Pandas»-ին ու նվաճել ոսկե մեդալներ։
«Հայոց արծիվներ» շախմատային թիմի ղեկավար Արտակ Մանուկյանը, ապրիլի 11-ին հյուրընկալվելով «Մեդիա Կենտրոնում», ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել թիմը և թե ինչպես է կերտվել բավականին դժվարությամբ տրված հաղթանակը․
«Մենք` որպես նորաստեղծ ակումբ, 2017թ․ որակավորման փուլն անցանք և 38 թիմերի շարքում գրավեցինք առաջին տեղը և անցանք խմբային փուլ, որից հետո էլ մեր թիմը եզրափակչում կամային հաղթանակ տարավ Չինաստանը ներկայացնող բավականին ուժեղ թիմի նկատմամբ»։
Արտակ Մանուկյանն ասում է, որ նման մրցաշարերը բարձրացնում են շախմատի ժողովրդականությունն ու նպաստում ոլորտի զարգացմանը։ Վերջինս նաև նշում է, որ արդեն մտածում են «Հայոց արծիվներ» թիմից բացի այլ թիմերի ձևավորման մասին՝ մրցաշարերին մասնակցելու համար․
«Հայոց արծիվներով» արդեն իսկ խմբային մրցաշարից սկսելու իրավունք ենք ձեռք բերել, հիմա մտածում ենք մի հատ էլ Երևանով կամ Գյումրիով անել՝ «Երևանյան աստղեր» կամ «Գյումրիի աստղեր» թիմեր ստեղծել ու նոր տաղանդներ ներգրավել։ Անկեղծ ասած՝ սա շուկա է, մեր թիմում ընդգրկված խաղացողների համար իսկական որս էր գնում, ամերիկյան տարբեր թիմեր պատկառելի գումարներ էին առաջարկում, որպեսզի հաջորդ տարի իրենց թիմերի հետ խաղան»։
Բանախոսը նաև ասում է, որ թեև իրենց համար մրցաշարի մասնակցության նյութական կողմը երկրորդական է, սակայն պետք է նշել, որ իրենց թիմը պետական ու ոչ պետական մակարդակներով որևէ աջակցություն չի ստացել, սակայն իրենց մրցակիցներից շատերը եղել են ուշադրության կենտրոնում․
«Այլ երկրների թիմեր նույնիսկ յուրաքանչյուր մրցաշարի կամ պարտիայի համար գումար էին ստանում, օրինակ՝ իրենց ֆեդերացիաներից կամ ԱՄՆ-ի դեպքում նահանգային ադմինիստրացիայից և այլն։ Իսկ մենք պետական կամ որևէ այլ տիպի հոգածության տակ չենք եղել ու, անկեղծ ասած, դա մեզ ավելի անկաշկանդ էր դարձնում»։
Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող