«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանից ներկայում հնչող դժգոհություններին, որ ռուսական որոշ զինատեսակներ անորակ են եղել, Razm.info մասնագիտացված կայքի փորձագետ, վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը նշեց՝ նման ահազանգեր կային դեռեւս 2016թ.-ին. «Պաշտոնական տեղեկատվությունը հերքում է դա, Ռուսաստանն էլ պաշտոնապես չի նշել, որ նման բողոք է եղել: Բայց այն, որ սպառազինության մատակարարման խնդիրներ կային դեռեւս 2016թ.-ին, փաստ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանը նավթի գնի անկման հետեւանքով ֆինանսական խնդիրներ ուներ եւ դժգոհ էր սպառազինության որակից: Օրինակ՝ հետեւակի մարտական մեքենաներից դժգոհ չէին, բայց ասում էին, որ մի մասը չի մատակարարվել: Այստեղից կարելի է ենթադրել, որ խնդիրը կամ ֆինանսներն էին, կամ որակը»:
Տարոն Հովհաննիսյանը նաեւ նշեց՝ հստակ եւ հավաստի տեղեկություններ չկան առ այն, որ ներկայում Նախիջեւանի հատվածում թուրքական զինուժ է կուտակվում, թեեւ վերջին տարիներին, բացի զորավարժություններից, ադրբեջանական զինուժի ավիացիոն թռիչքներ եւս նկատվել են. «Բնականաբար, Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են այդ հատվածում հակակշիռ ստեղծել՝ ի դեմս Հայաստանի, բայց թե ինչպես կվարվեն՝ գուշակություններ անելը տեղին չէ»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
12.04.2018