Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հետընթաց է, ռեգրես. Ընդդիմադիրները՝ ՀՀԿ-ականների նախագծի մասին

Ապրիլ 12,2018 11:23

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

60 կողմ, 31 դեմ ձայնով ընդունվեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Մուրադ Մուրադյանի եւ Ռուզաննա Մուրադյանի կողմից ներկայացված ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխության նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով հեղինակներն առաջարկում են, որ ԱԺ նախագահը նույնպես իրավունք ունենա ԱԺ լսումներ հրավիրել: Քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ ԱԺ փոխնախագահներին նույնպես ընդգրկեն, բայց առաջարկը ոչ մերժվեց, ոչ էլ ընդունվեց, հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը պնդեց, որ նախագիծը քվեարկեն այն տեսքով, ինչ իրենք ներկայացրել են: Այսօր Աճեմյանն ասաց, որ այն պատգամավորները, որոնք առաջարկներ ունեն, կարող են առանձին նախագծով հանդես գալ:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին՝ պայմանով, որ իրենց առաջարկները կընդունվեն. «Դուք ընդունել եք դա՝ որպես հեղինակ: Հիմա փաստորեն պնդում եք, որ ԱԺ լսումներից հետո արձանագրություն այլեւս չի տեղադրվելու ԱԺ կայքում, սա ռեգրես է, լրագրողների իրավունքների սահմանափակում էլ կա: Մենք առաջարկել ենք, որ հին ձեւակերպումը հետ բերեք, չեք բերել՝ մենք դեմ ենք քվեարկելու: Սա հանձնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության խախտում է, որն իր հետեւանքները կունենա հաջորդ նիստին»:

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք համարում են առաջարկվող նախագիծը հետընթաց. «Փոփոխությունները, որ առաջարկվել են, չեն ընդունվել, ավելին՝ մենք բացարձակ նպատակահարմար չենք համարում մեկ առանձին նախագիծ նորից ներկայացնել, երբ հեղինակները կարող էին դրանք ներառել այս նախագծում: Նաեւ ԶԼՄ-ների աշխատանքի հետ կապված նախագիծը համարում ենք հետընթաց, ուստի մենք դեմ ենք քվեարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30