Հայաստանյան մշակութային կյանքի վերջին տասնամյակի ձեռքբերումներն ամփոփվել են վավերագրական ֆիլմով: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Հայաստանում բարեփոխումներ են իրականացվել թանգարանային ոլորտում, կառուցվել է Մատենադարանի գիտական մասնաշենքը, մեր երկիրը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, հաջողություններ է ունեցել գրականության, թատրոնի, կինոյի, թանգարանների, երաժշտարվեստի և մի շարք այլ բնագավառներում:
Տասնամյակի կարևորագույն նախագծերից մեկը Մատենադարանի նոր՝ գիտական մասնաշենքի կառուցումն էր, որի ճարտարապետն Արթուր Մեսչյանն է: Երկուսուկես տարի և 14 միլիոն դոլար պահանջվեց Մատենադարանի նվիրյալների տասնամյակների երազանքն իրականության դարձնելու համար: Գրատպության 500 տարվա պատմություն ունեցող երկրի համար սա իսկապես մեծ ձեռքբերում և նվեր էր:
2012 թվականին Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը դարձավ գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք: Այս միջոցառման շրջանակում Երևան ժամանեցին աշխարհի գրական ոլորտի հայտնի դեմքեր, 30 երկրի պատվիրակներ և 50-ից ավելի պատվավոր հյուրեր: Տարվա ընթացքում գրքի քարոզչություն իրականացվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Կազմակերպվեց 12 միջազգային ցուցահանդես, հայկական տաղավարները ներկայացվեցին գրքի 14 տոնավաճառներում և այլն:
Մեկ տարի անց՝ 2013 թվականին, Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Մշակույթի զարգացման և այն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում, բնական է, չէր կարող ուշադրություն չհատկացվել թանգարանային ոլորտին: Վերջին 10 տարում վերանորոգվեցին ու տեխնիկապես հարստացվեցին հայաստանյան մի շարք թանգարաններ: 2015 թվականին Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված նախագծերի շրջանակում վերակառուցվեց Ցեղասպանության թանգարանը:
2015 թվականի հունվարի 29-ին իր դռները բացեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակել նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ ստեղծագործական ծրագրերից «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը համախմբեց 20-ից ավելի երևելի երաժիշտների, ովքեր 7 բացառիկ համերգներ տվեցին աշխարհի խոշորագույն քաղաքների բեմերում: Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակվեց նաև Վենետիկի 56-րդ բիենալեում «Հայություն» ցուցադրությամբ: Բիենալեի գրան պրին՝ ոսկե առյուծը, նվաճեց հենց Հայաստանը: 2014-2015 թվականներին Ցեղասպանության թեմայով հրատարակվել է 360 գիրք, որից 241-ը՝ օտարալեզու:
Ինչպես հայտնի է, 2008 թվականից Հայաստանը միացել է «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, որի մասնակից թանգարանների թիվն ի սկզբանե 12 էր, իսկ արդեն 2017 թվականին այդ թանգարանների թիվը հասավ 113-ի:
2013 թվականը հռչակվեց հայկական գորգարվեստի տարի, ինչը նշանավորվեց Շուշիում գորգի թանգարանի ստեղծմամբ:
Վերջին տասնամյակը բարեփոխումների շրջան էր թե՛ թանգարանային, թե՛ թատերական և թե՛ երաժշտական կյանքում: Այս տարիների ընթացքում հիմնավորապես վերանորոգվեցին և գերժամանակակից լուսաձայնային սարքավորումներով վերազինվեցին թատրոններն ու համերգասրահները: Ստեղծվեցին Հայաստանի 150-ից ավել պատմական հուշարձանների և թանգարանների վիրտուալ տուրեր և թանգարաններից մի քանիսի աուդիոգիդեր: Մեր երկրում ցուցադրվել են եզակի գլուխգործոցներ, այդ թվում՝ Դալիի գրաֆիկան և Այվազովսկու հռչակավոր «Քաոսը»:
Մեծ ուշադրություն է հատկացվել գրադարանային ոլորտին: Բազմաթիվ գրադարաններ տեխնիկապես վերազինվեցին, շարունակվում է գրադարանների թվայնացումը:
Մշակվեցին տասնյակ փոփոխությունների և նոր օրենքների նախագծեր, ընդունվեց 13 ռազմավարական փաստաթուղթ, 2010 թվականին հաստատվեց ոչ նյութական մշակութային արժեքների ցանկը, որն այսօր ընդգրկում է 32 տարր: ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Հայաստանը գրանցեց 5 ազգային տարր:
Այս 10 տարում վերելք է ապրել նաև հայ երաժշտարվեստը: Կայացման ճանապարհ են անցել հայտնի փառատոններ, որոնցից երկուսի՝ «Երևանյան հեռանկարներ»-ի և «Երևանյան միջազգային»-ի շրջանակներում Հայաստան են ժամանել հանրահայտ երաժիշտներ: Յուրաքանչյուր տարի հայաստանցի հազարավոր երեխաներ մասնակցել են հեղինակավոր մրցույթների ու փառատոնների, 497 մենակատարներ հանդես են եկել միջազգային մրցույթների:
Թատերական ոլորտում իրականցվել են 90-ից ավել ծրագրեր, բեմադրվել են համաշխարհային դրամատուրգիայի 160-ից ավելի բազմաժանր գործեր: Տեղական տարբեր փառատոնների շրջանակներում երևանյան թատերական նորույթները ներկայացվել են նաև ՀՀ մարզերում: «Մշակութային մարզ» նախագծով ամեն տարի 50-ից ավել ծրագրեր են իրականցվել նաև Արցախում և Ջավախքում: Դասական երաժշտությունից մինչև կինո. միջոցառումներ են կազմակերպվել նաև զինվորականների համար Հակաստանի և Արցախի զորամասերում:
Վերջին տասնամյակում իրականացվել է 345 կինոնախագիծ: Ազգային կինոֆոնդից թվայնացվել է 121 ֆիլմ: Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային կինոյի լեգենդներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին:
Հետադարձ հայացք գցելով անցած 10 տարիներին՝ ակնհայտ երևում է իրականացված ահռելի աշխատանքը, որը նպաստել է մեր հարուստ ու դարավոր մշակույթի պահպանմանը, արդիականացմանն ու զարգացմանը: Շատ բան արվել է, սակայն անցնելու ճանապարհ դեռ կա, ճանապարհ, որն ունի հաջող մեկնարկ և նշանակալի արդյունքներ: