Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար կարևորն այն է, որ ունենա ազդեցիկ ուժային հովանի, որ ռազմական ավանտյուրայի համար չկրի, այսպես ասած, քաղաքական պատասխանատվություն: Ահա այդ տեսանկյունից ներկայիս, այսպես ասած՝ 21-րդ դարի Կարիբյան ճգնաժամը նրա համար ե՞լք է, թե՞ ոչ, սա իսկապես հարցադրում է, որի պատասխանը մի կողմից բարդ է, մյուս կողմից՝ առնվազն այս օրերի իրավիճակից ելնելով, ամենևին միարժեք չէ: Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար, և միջազգային դիվանագիտական ճգնաժամը կարող է նրան մատուցել այդ կամա, թե ակամա «ծառայությունը»: Դա, իհարկե, ռիսկ է, սակայն ոչ իրողություն, քանի որ առայժմ չեն նշմարվում նշաններ, որ Ալիևը մոտ է հովանավոր գտնելուն: Պարզապես աշխարհաքաղաքական ֆոնը նրան կարող է տալ այդ հարցում արդյունքի հասնելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է արդեն իսկ աշխուժորեն աշխատի դրանք չեզոքացնելու ուղղությամբ:
Բայց խնդիրը այս դեպքում զուտ դիվանագիտական նոմինալ աշխատանքը չէ, այլ իրավիճակը, ստատուս քվոյի բովանդակությունն ու կոնցեպտուալ հենքը փոխելու անհրաժեշտությունը, և այդ իմաստով հատկանշական է նոր նախագահ Արմեն Սարգսյանի ավելի վաղ արած մի հայտարարություն, որ երբ ամբողջապես կձևավորվի իշխանությունը և կառավարությունը, կնստեն ու բոլորով կքննարկեն, թե ինչ մարտավարություն ու ռազմավարություն պետք է վարել արցախյան խնդրում: Այլ կերպ ասած՝ նախագահի մակարդակով ազդարարվել է, որ Հայաստանն, այդուհանդերձ, օրակարգում դիտարկում է նոր ռազմավարության հարցը, այլապես ինչ կարիք կա նստել ու քննարկել խնդիրը, եթե բուն նպատակը փոփոխությունը չէ:
Հայաստանը պետք է շտապի այդ փոփոխության հարցում, առնվազն ձևակերպելու և որոշումների հարցում, Ադրբեջանի պատերազմի, այսպես ասած, իրավունքի առավել խորքային, ինստիտուցիոնալ ու երկարաժամկետ արգելափակման համար, որպեսզի աշխարհաքաղաքական լարումները Բաքվին պարբերաբար չօժտեն ապաարգելափակման հույսով: Որովհետև աշխարհը առաջիկա տարիներին թերևս գտնվելու է պերմանենտ ու անկանխատեսելի լարվածությունների ու բախումների փուլում, հետևաբար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ամրացնել բախման ներուժ ունեցող կոնֆլիկտային այս գոտում գոնե առայժմ առկա աշխարհաքաղաքական կոնսենսուսային մթնոլորտը, արցախյան գոտին ռազմավարական կոնցեպցիայով վերածելով, այսպես ասած, աշխարհաքաղաքական «արձակուրդի» գոտու, և որպեսզի այդ մեծ դիմակայությունն այստեղ շարունակի հանգստանալ, Հայաստանը պետք է չդադարի աշխատել իրավիճակը խորապես փոխելու ուղղությամբ: Իսկ դա ահռելի աշխատանք է, ոչ պակաս կարևոր, քան պաշտպանական ամրությունների ապահովումը:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում