«Ամերիկայի Ձայն». Երկրորդ օրը լինելով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգը չորեքշաբթի օրը շարունակում էր պատասխանել ԱՄՆ-ի կոնգրեսականների հարցերին։ Ցուքերբերգին վկայություններ տալու նպատակով Կոնգրես հրավիրեցին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Cambridge Analytica կազմակերպությունը «Ֆեյսբուք»-ի հավելվածների միջոցով ձեռք է բերել 87 օգտատերերի անձնական տվյալները։
Ցուքերբերգը Կոնգրեսում անցկացված լսումների առաջին օրը հայտարարեց, որ ընդունում է իր սխալը։
՝՝Ես եմ հիմնել «Ֆեյսբուք»-ը, ես եմ այն ղեկավարում ու ես էլ պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ կատարվել է՛՛, ասաց Ցուքերբերգը։
Երկրորդ օրվա լսումների ժամանակ նա հայտարարեց, որ անձնական տվյալների հետ կապված սկանդալային այս պատմության ընթացքում հափշտակվել են նույնիսկ իր անձնական տվյալները։
Ցուքերբերգն ասաց, թե իր ընկերությունն այժմ քննարկում է Քեմբրիջի համալսարանի դեմ գործողությունների դիմելու հնարավորությունը, քանի այստեղ են հավաքել, ապա՝ Cambridge Analytica կազմակերպությանը վաճառել մարդկանց անձնական տվյալները։
«Մենք պարզել ենք, որ ամբողջական նախագծեր կան կապված Քեմբրիջի համալսարանի հետ, որտեղ մի շարք հետազոտողներ կազմել են այնպիսի հավելվածներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել մուտքը դեպի անձնական տվյալներ՛՛, Կոնգրեսում չորեքշաբթի օրն ասաց Ցուքերբերգը։
Համալսարանի խոսնակն ասել է, թե իրենք հակադարձ քայլեր են նախաձեռնում։
Ըստ Ցուքերբերգի, «Մենք հիմա ամեն ինչ պետք է նախաձեռնենք, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն»։ 33-ամյա գործադիր տնօրենն ավելացրել է, թե հավելվածների շուրջ իրենց կողմից անցկացվելիք ստուգումները մի քանի ամիս կպահանջեն ու շեշտել, որ իր ընկերությունը չի հայտնաբերել որեւէ փաստ, որն ապացուցեր Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից մարդկանց տվյալները հափշտակելու հանգամանքը։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկայի եւ առեւտրի հանձնաժողովում Մարք Ցուքերբերգը չորեքշաբթի օրը հանդես եկավ նախորդ օրը Սենատի երկու այլ հանձնաժողովներում վկայություններ տալուց հետո։
Լսումների ժամանակ կոնգրեսական Ֆրենք Փալոնին չգոհացրեց այն հանգամանքը, որ Ցուքերբերգը չխոստացավ փոփոխության ենթարկել բոլոր օգտատերերի գաղտնիությունն ապահովող առաջնային կարգավորումները, ինչը թույլ կտար նվազագույնի հասցնել անձնական տվյալներ հափշտակելու հնարավորությունը։ Դա, նրա խոսքերով, շատ բարդ խնդիր է։ Բայց ՝՝Ֆեյսբուք՛՛-ի ղեկավարն ընդունեց համացանցի մասին օրենքները կարգավորելու անհրաժեշտությունը։
Նա խոստացավ, որ «Ֆեյսբուք՛՛-ը մանրամասն կերպով կուսումնասիրի ու անհրաժեշտության դեպքում կարգելափակի դեպի ՝՝Ֆեյսբուք՛՛ մյուս ընկերությունների մուտքը, եւ իր 2 միլիարդ 2ՕՕ միլիոն օգտատերերին կտա կողմնակի հավելվածներից պաշտպանվելու միջոցներ։
Արամ Վանեցյան