Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը գնում առճակատման

Ապրիլ 12,2018 10:14

«Ինչո՞ւ խռովություն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։ Հավաքվեցին երկրի թագավորները, եւ միավորվեցին իշխաններն ընդդեմ Տիրոջ եւ նրա օծյալի՝ ասելով. «Քանդեք նրանց կապանքները ու թոթափեք նրանց լուծը մեզանից»։ Սա Դավթի երկրորդ սաղմոսի սկիզբն է։ Գրված է, բնականաբար, բոլոր ժամանակների համար, բայց այսօր չափազանց արդիական է դարձել:

Աշխարհի «թագավորներն» ու «իշխանները», ակնհայտորեն արհամարհելով բանականության եւ բարոյականության բոլոր կանոնները, պատրաստվում են խոշոր բախումների։ Առայժմ դա կարող է տեղի ունենալ Սիրիայում, բայց եթե Միացյալ Նահանգները, Իսրայելը, Թուրքիան՝ մի կողմից եւ մյուս կողմից՝ Ռուսաստանը, Իրանը, Սիրիան բախվեն այս տարածաշրջանում, ապա համաշխարհային պատերազմի վտանգը զգալիորեն մեծանալու է։

Գուցե շատերն ինձ հետ համաձայն չլինեն, բայց իրավիճակի համար պատասխանատու են նախեւառաջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգներն ավելի շատ, քան Ռուսաստանը, որովհետեւ ուժեղն, իմ կարծիքով, իր վրա պետք է պատասխանատվության ավելի մեծ բեռ վերցնի, քան թույլը։ Իսկ որ ԱՄՆ-ը տնտեսապես, տեխնոլոգիապես եւ ռազմական առումով Ռուսաստանից ուժեղ է՝ կարծում եմ, ոչ ոք չի կասկածում։ Առավել եւս՝ ամերիկացիները ռուսներից վախենալու որեւէ հիմք չունեն՝ նրանց դիմաց գերհզոր Խորհրդային միությունը չէ՝ իր բազմաթիվ «արբանյակ» երկրներով:

Երբ Դոնալդ Թրամփն ընտրվել էր ԱՄՆ նախագահ, նա կրկնում էր հանրապետականների (ԱՄՆ հանրապետականների) ավանդական թեզը, թե՝ մենք ավելի շատ զբաղվելու ենք մեր ներքին գործերով, մեր երկրի տնտեսության հզորացմամբ եւ այլն։ Ի դեպ, այդ տրամաբանության մեջ է տեղավորվում Չինաստանի դեմ մաքսային սահմանափակումներ մտցնելը։ Բայց Ռուսաստանը Չինաստան չէ՝ եթե նավթ եւ գազ չվաճառի, այդ երկրի տնտեսությունը համեմատելի կլինի, ասենք, Թուրքիայի տնտեսության հետ։ Ինչն է պատճառը, որ մեկուկես տարում Թրամփի վարչակազմն այդ աստիճանի սրեց հարաբերությունները մի երկրի հետ, որն իր համար բացարձակապես ոչ մի վտանգ չի ներկայացնում։

Ասում են, որ Թրամփը մշտապես խնդիր ունի ապացուցելու ԱՄՆ վերնախավին, որ նա ընտրվել է առանց Պուտինի օգնության։ Բայց դա, համաձայնեք, մանր եւ երկրորդական պատճառ է։ Չի կարելի ծառ կտրել՝ լուցկու մեկ չոփ սարքելու համար։ Գուցե այստեղ բախվել են երկու լիդերների «մաչոյական» բնավորությունները, բայց եթե Պուտինի «մաչոիզմը», այդ երկրի ռեժիմը հաշվի առնելով, որեւէ բանով չի զսպվում, ապա Թրամփն ինքնագլուխ որոշումներ կայացնելու հնարավորություն, ըստ էության, չունի։

Մի խոսքով՝ ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե հատկապես ինչն է Ռուսաստանի կեցվածքում զայրացրել Միացյալ Նահանգներին։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. alexander says:

    … հանրապետականների (ԱՄՆ հանրապետականների)… սպանիչ էր

  2. Աշոտ says:

    Կարծում եմ որ Թրամպն իրոք ծառ է կտրում, չոփ սարքելու համար: Նա խնդիր ունի մաքրվելու Պուտինի օգնությամբ իշխանության գալու խարանից: Անպայման չի բոլոր արարքների հետևում ստրատեգիական հնարքներ փնտրել: Պրակտիկայում համոզվել եմ, որ շատ կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձիք կան, որոնց ուղեղի գորշ զանգվածը խաշած է:
    Պուտինի առավել մեծապաշտ է Թրամպը: Հեշտ նք նրա նախընտրական խոստումները ” Ամերիկային վերադարձնել նախկին մեծությունը” Իսկ նրա անձնական ֆինանսներով, կապերով ու իշխանությամբ կարելի է շատերին քաջալերել, համոզել կամ պարզապես կոտրել: Սենատոր, կոնգրեսում և սպիտակ տանն էլ քծնողների պակաս չի անում: Ի վերջո բոլորն են ցանկանում ավելի լավ ապրել: Պակաս հայտնի չէ որ ամերիկացի համոզված են իրենց մշտական իրավացիությունը մեջ և անկեղծորեն հավատում են, որ իրենք բարու կողմից են, իսկ Ռուսաստանը 《Գոգն ու Մագոգն》է:
    Ցավում եմ, բայց երրորդ համաշխարհային ին անհրաժեշտ բևեռներն արդ են ձևավորվել են ու սպասում են ինչ որ մեկի (կամ երկուսի) անխոհեմ քայլին:

    • Աշոտ says:

      Սխալ տպված տառերի համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Հեռախոսիս ավտոկոռկտուրը միացած էր և շատ բառեր ողղակի փոխել է:

  3. gib.gibindus says:

    Համաձայն չեմ: Իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու ենք մենք՝ այսինքն հայերս: Լինելով աշխարհում ամենախելացի ազգը, մենք պարտավոր ենք բոլորին խելք սովորեցնել – սույն հոդվածը օրինակ: Իհարկե, մեզնից ավելի քիչ խելացիները հասկանում են, որ Չինաստանն է իրար դեմ հանել ռուսներին ու ընդհանրացված արևմուտքը: Բայց սխալվում են և մենք պետք է կարգավորենք: Ինչ վերաբերվում է հարցին, թե …ինչն է Ռուսաստանի կեցվածքում զայրացրել Միացյալ Նահանգներին։ Ոչ Ղրիմը, ոչ լուգանդոնիան, ոչ ինքնաթիռ խփելն ու աջ ու ձախ ռուսների հոխորտալը: Թրամփը խիստ նեղացել է Պուտինից,որովհետև նա չի ընդունում, որ հայերը աշխարհում ամենախելացի ազգն են:

  4. Հ.Շ. says:

    Տասը տարիներէ ի վեր, ծրագիրը պարզ է՝ խորտակել Միջին Արեւելքի յատկապէս այն երկիրները որոնք վտանգ կը նկատուին, եւ տարածքաշրջանը ընդհանրապէս քաոսի վերածել: Իրաք, Թիւնիզ, Եգիպտոս, Լիպիա… : Ծրագրի հիմնական հեղինակն ու գործադիրն է՝ ԱՄՆ-Իզրայէլ դաշինքը: Բառին իսկական իմաստով Եւրոպան (Գերմանիա, Ֆրանսա, Անգլիա) հետեւում է գործողութեան, քանզի ուրիշ բան չի կարող անել:

    Ծրագիրը կ’ընթանար մեծ յաջողութեամբ, կարգը հասած էր Սիրիայի, երբ Ռուսաստանը որոշեց այդտեղ խոչընդոտ հանդիսանալ վերոյիշեալ ծրագրի գործադրութեան: Ինչո՞ւ: Որովհետեւ Խորհրդային Միութեան փլուզումից ի վեր, նա համաշխարհային քաղաքական հող էր կորցնում, տեւաբար: Եթէ տեղ մը այլեւս գիծը չքաշէր, Ամերիկեան Կայսրութիւնը պիտի հասնէր համաշխարհային բացառեալ տիրապետութեան իր նպատակին, եւ Ռուսաստանը պիտի դառնար կամ Արեւմուտքի առջեւ ծոնկաչոք ենթակայ, կամ ալ այլեւս լիովին աննշան երկիր մը: Այդպիսի գիծերէն մէկը Ուկրաինան էր, միւսը Սիրիան է:

    Քաղաքակրթութիւնների ծայրագոյն բախումի, արդէն իսկ միշտ ու տեւաբար ընթացքի մէջ՝ Համաշխարհային Պատերազմի մի կռիւն է որ այժմ տեղի կ’ունենայ Սիրիայի մէջ: Այդ իմաստով սակայն Ճակատագրական կռիւ մը:

    Մեզի համար (այսինքն Հայաստանի համար, ներառեալ Արցախի յատուկ մարզը), այս ամէնուն մէջ ամենամտահոգիչը՝ Իրանի պարագան է: Որովհետեւ ան ալ բացայայտ թիրախ է: Իսկ Սիրիայի կացութիւնը ուղղակի կապուած է նաեւ Իրանին, քանզի վերջինս, Ռուսաստանի հետ քաղաքական եւ ռազմական միացումով, նաեւ մաս կը կազմէ, հիմնական դերակատար է, Սուրիոյ մէջ տեղի ունեցող համաշխարհային կռիւին: Եթէ – Ալլահ չանի – Իրանի «կարգը գայ», ընթացքի մէջ Համաշխարհային Պատերազմը պիտի հասնի բառացիօրէն Հայաստանի շեմին: Եւ Հայաստանը պիտի դառնայ Ռուսաստանի ծայրագոյն ու վերջին դիրքը, վահանը, արեւմտեան ներխուժման դէմ:

    Այստեղ նշենք նաեւ որ Իրանի սահմանամերձ Աֆկանիստանը արդէն վերածուած է ամերիկեան ռազմական ուժերի զօրամասի:

    Կան հաւանաբար հայեր, որոնք կ’ուզեն, կ’ըղձան որ այս ամէնը վերջանայ Ռուսաստանի պարտութեամբ: Երեւի անոնք կը մոռնան Հայաստանի երկու կողմերը գտնուող բանթուրանական պետութիւնները, անոնք ալ իրենց յարատեւ ծրագիրներով…

  5. Ruben says:

    Տերն Իր Հոտի ոչխարներին վստահում է Իր սպասավորներին (Սաղմ. 79.13, 74.1, 100.3, Միք. 7.14): Նա առաջնորդում է նրանց «Մովսեսի ու Ահարոնի ձեռքով» (Սաղմ. 77.21), «…որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն» (Թվ. 27.17): Ապա Նա որպես նոր առաջնորդի Հեսու Նավեին է ցույց տալիս Մովսեսին (Թվ. 27.18-20), իսկ Դավիդին Նա վերցնում է «ոչխարների փարախից», որպեսի նրան հանձնի Իր Հոտը (Բ Թագ 7.8, հմմտ. Բ Թագ. 5.2, 24.17, Սաղմ. 78.70):
    Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հիմնված է բավականին պարզ մի գաղափարի վրա, այն է ՝ Մարդկանց իրավունքները տրվում են ոչ թե նահանգների, այլ՝ արարչի կողմից, և միայն այդ ժամանակ մարդիկ իրավունք են շնորհում կառավարությանը: Ռուսաստանում (համապատասխանաբար Հայաստանում)՝ հակառակն է:

  6. Լավատես says:

    Աստված վեր է բարուց ու չարուց, մենք՝ հայերս, եթե ուզում ենք աստվածավայել ապրել, մենք էլ պետք է վեր լինենք բարուց ու չարուց, այսինքն՝ աշխարհում ամեն ինչի տերն ու պատասխանատուն մենք ենք ու մեր նման մտածողներն ու մեր աստված, մնացածը բնություն է՝ իր գեղեցկությամբ ու արհավիրքներով: Երեխային աստվածավայելչություն դաստիարակում է ծնողը, երբ երեխան աստծուն պաշտել սովորում է ծնողին պաշտելու դաստիարակությամբ՝ լիովին համաձայն եմ Ruben ի հետ, ծնողն էլ պետք է աստծո դերը կատարի երեխայի համար եւ օրինակ ծառայի իր կենսագործունեությամբ: Այսօր մեր հոգեւոր այր մտավորականները լուրջ խնդիր ունեն՝ աստվածավայել դաստիարակել մեր այսօրվա ծնողներին: Երբ մենք թարգենք սրան նրան մեղադրել մեր անհաջողությունների համար ու պատասխանատու համարենք միայն մեզ ու մեր աստծուն, այն ժամանակ հզոր մի բռունցք կլինենք ու ոչ թե կասենք այսինչ հեռացիր, այլ կասենք ապագան մերն է՝ այսինչ միացիր մեզ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30