Քառօրյայի հերոսները՝ բանակից իրենց որդիներին «փախցնողների», պաշտոնյաների չծառայած զավակների ու մեդալների մասին
Aravot.am-ը ապրիլյան պատերազմի հերոսներ Հարություն Բադալյանին եւ Ժորա Աֆրիկյանին հարցրեց՝ հասարակությունն անընդհատ քննադատում է, որ պաշտոնյաների զավակները չեն ծառայում, միայն սոցիալապես անապահովների զավակներն են առաջնագիծ գնում, եւ դրա վկայությունն է նաեւ քառօրյայի զոհերի ընտանիքների սոցիալական դրությունը, դուք այդ խնդիրը տեսնո՞ւմ եք: Ժորա Աֆրիկյանը պատասխանեց. «Կոնկրետ իմ զորամասում ես այդ խնդիրն իսկապես չեմ տեսել, որովհետեւ ինձ հետ ծառայել են Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների տղաներ»:
Հարություն Բադալյանն ասաց. «Եկեք ամեն ինչին ճիշտ նայենք, կարող են լինել այդպիսի խնդիրներ, բայց այստեղ ծնողին կամ պաշտոնյային մեղադրելու չէ: Քանի դեռ մեր երկիրը մեկը մյուսի մասին հոգ է տանում, այսինքն՝ ծնողը զավակի մասին հոգ է տանում եւ պատրաստ է իր տեղը գնալ պատերազմի մասնակցել եւ ամեն ինչ անել, որ պատերազմում հաղթենք, մենք այդ խնդիրը միշտ ունենալու ենք: Մենք պետք է լրջորեն նայենք, այդ կոռուպցիան, այդ ամենն իրականացնողների հետ պետք է աշխատանքներ տանել եւ ամենախիստ ձեւով պատժել»:
Հարցին՝ Ձեր մեջ այդ անարդարության զգացողությունը չի՞ լինում, Դուք այդքան բան եք արել, Ձեր կյանքի գնով դիրք եք պահել, հող եք պաշտպանել, մեկ էլ տեսնում եք՝ ինչ-որ մի պաշտոնյայի տղա ազատվել է պարտադիր զինծառայությունից ինչ-որ ալերգիայի պատճառով, Հարություն Բադալյանը պատասխանեց. «Ես չեմ մտածում այդ մասին: Ես արել եմ, անելու եմ ու պե՛տք է անեմ»:
Ի՞նչ կասեք այն ծնողներին, որոնք ամեն գնով ուզում են, այսպես ասած, «փախցնել» իրենց երեխաներին բանակից, որ չծառայի, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Բադալյանը պատասխանեց. «Փախցնել բանակից՝ դա ինձ համար աններելի բան է: Բանակից պետք չի փախցնել, դուք ձեր տղային ուղարկում եք, որպեսզի ապագայում ինքը ձեզ պահի, մեծ բարձունքների հասնի, դուք իրենով հպարտանաք: Պետք չի մտածել վատը, թե տղես գնում է… Ո՛չ, տղեդ գնում է տղամարդ դառնալու: Եթե դու քո տղային դաստիարակել ես այնպես, ինչպես պետք է, դու ընդհանրապես քո տղայի մասին մտածելու բան չունես: Իհարկե, ծնող ես, մտահոգվում ես, բան չունեմ ասելու, բայց եթե դաստիարակել ես ոնց պետք է, մտածելու բան չունես»:
Իսկ Մարտական Խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր Շուլի Հակոբյանն ասաց, որ դա հոգեբանական խնդիր է, որ ծնողներն ուզում են իրենց զավակներին փախցնել բանակից, ժամանակի ընթացքում հավանաբար կփոխվի. «Դա պետք է փոխեն այն մարդիկ, որոնք ոչ միայն չունեն այդ հոգեբանական խնդիրը, այլ նաեւ ռեալ գիտակցում են, որ մենք այսօր խնդիր ունենք, եւ մենք պետք է կանգնենք մեր ապագայի, մեր անվտանգության, երկրի ու բանակի համար»:
Օրերս լեզվաբան Նարինե Դիլբարյանը, խոսելով բանակի մասին, ասաց, որ երբ տեսնում է այն պաշտոնյաներին, մարդկանց, որոնք իրենց զավակներին չեն ուղարկել բանակ, բայց մեծ-մեծ խոսում են եթերից, նողկում է, ուզում է պարզապես կանգնել ու ասել՝ ես ձեր բանակի համար ոչինչ չեմ ուզում անել: Հարցին՝ համաձայն չե՞ք տիկին Դիլբարյանի հետ, Դուք էլ այդ անարդարության զգացողությունը չե՞ք ունենում, Շուլի Հակոբյանը պատասխանեց. «Բացարձակ արդարություն չես գտնի՝ ինչ պետությունում էլ լինես, ինչ բանակ էլ լինի: Այդ արդարությունը կարող է զգալի տոկոսով կայացած լինի, բայց այն բացարձակ չի կարող լինել»:
Հարցին՝ Արցախյան պատերազմից հետո շատ խոսակցություններ ենք լսում, որ այսինչը չի կռվել մարտի դաշտում, իզուր մեդալ է ստացել, կամ այն վաստակը չի ունեցել, ապրիլյան պատերազմում նման դեպքեր նկատե՞լ եք, որ ներդրումն այն չափով չի, ինչ ներկայացվում է, եւ արժեւորումն է մեծ, Շուլի Հակոբյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ այդ խոսքերը զինվորականին ոչ հարիր բամբասանք են: Այսօր մենք ունենք տղաներ, ովքեր չգնահատված են կամ քիչ են գնահատված: Բայց ընդհանրապես դա չէ կարեւորը: Դրանից չպետք է հետեւություն անես, որ դու չպետք է բանակի կողքին կանգնես ու չպետք է կռվես քո հայրենիքի համար: Նաեւ չեմ ընդունում, երբ այդ մեդալները ժեշտի կտոր են անվանում, որովհետեւ դրանք իրենց արժեքը կորցնում են: Մենք չպետք է կորցնենք նաեւ այդ մեդալների արժեքը, որովհետեւ այդ փոքր արժեքներից է մեծ գնահատական ձեւավորվում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
11.04.2018