Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պետությունը 700 միլիոնանոց ծրագրով գյուղտեխնիկա գնում պատգամավորի որդու համար

Ապրիլ 12,2018 15:00

«Առավոտի»՝ 28.03. 2018-ի՝ «Պետական փողերով 700 միլիոնանոց ծրագիրը տվել են պատգամավորի՝ ոլորտում անփորձ որդուն» հրապարակմամբ անդրադարձել էինք Վերահսկիչ պալատի ստուգումներին, որի արդյունքների պաշտոնական եզրակացությունը ՎՊ-ն չի հրապարակել: Հնարավոր է պաշտոնապես այն հանրայնացվելուց առաջ որոշակի փոփոխությունների ենթարկվի:

«Առավոտի» ձեռքի տակ հայտնված ՎՊ-ի փաստաթղթերի համաձայն՝ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գործող որոշ կառույցներ խախտումներ են թույլ տվել եւ անարդյունավետ ծախսեր կատարել:
Օրինակ՝ ինչպես գրել էինք, ՎՊ-ի հաշվետվությունում նշվել է, որ գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման ծրագրի համար պետությունը նախատեսել է ներդնել 700 միլիոն դրամ: Ծրագրից օգտվելու եւ գյուղտեխնիկայի կայանի կազմակերպման համար ներկայացվել են 4 առաջարկներ՝ քաղաքացի Ս. Ավագյան, «Նաիրի բերրիություն», «Չինվան» եւ «Իդաս» ընկերությունները: Վերջում «Իդասն» է ընտրվել, որն էլ պետք է ստեղծի կայանը: «Իդաս» ընկերությունը, ըստ ՎՊ-ի, ընդամենը 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով ստեղծվել է անցյալ տարվա ապրիլի 28-ին: Նշենք, որ «Իդաս» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդուն՝ Պարույր Հակոբյանին, որը նաեւ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է:
Այս ընկերությանը վստահված 700 միլիոն դրամանոց պետական ծրագրով նախատեսվել է ձեռք բերել 7 տրակտոր, 4 գյուղմեքենա ցանքսի համար:

ՎՊ-ն ստուգումների արդյունքում արձանագրել է. «Բացակայում են գյուղնախի համապատասխան ստորաբաժանման իրականացրած մոնիտորինգի արդյունքները նման հզոր տրակտորների ձեռք բերման անհրաժեշտության մասին, քանի որ ծրագրով նախատեսված 7 տրակտորներից յուրաքանչյուրը 90,8 միլիոն դրամ է: Հարկ է նշել, որ նման տրակտորները օգտագործվում են նաեւ շինարարության եւ ծանր արդյունաբերության մեջ»: Բացի այդ, ՎՊ-ն արձանագրել է, որ բացակայում են գյուղնախի կողմից տեխնիկայի նպատակային շահագործման մասով հսկողական մեխանիզմները: 23,8 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք են բերվել տրակտորների հզորությանը համապատասխան 7 գութան, որոնք ձեռք բերելու համար շուկայական գները նախապես չեն ուսումնասիրել: Ընդ որում, այս գութանները Հակոբ Հակոբյանի որդին, ինչպես նշված է ՎՊ հաշվետվությունում, այս տարվա հունվարի 12-ի դրությամբ պահել է իրեն պատկանող «Արփա-Սեւան» ՍՊԸ-ի պահեստում: ՎՊ-ն նշել է. ««Իդաս» ՍՊԸ-ն չի ունեցել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման բավարար փորձառություն»:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ խնդիր չի տեսնում, որ 700 միլիոնանոց ծրագիրը շահել է, ինչպես ՎՊ-ն է նշել՝ անփորձ «Իդասը»: Գեւորգյանն ասաց, որ պետությունն այդ ծրագրի մասին հայտարարություն է տարածել՝ ո՞վ է այն կազմակերպությունը, որը ցանկություն կհայտնի գյուղտեխնիկայի ծառայություն իրականացնելու. «700 միլիոնը պիլոտային փուլին է վերաբերում, դրա համար էլ չափորոշիչներ են մշակվել: Մի քանի ընկերություն առաջարկ է ներկայացրել, հանձնաժողովում մասնագետներ են եղել: Հանձնաժողովը որոշել է, որ լավագույնը «Իդասն» է: Այս ընկերությունը առաջարկ է ներկայացրել՝ եթե դուք տաք 7 տրակտոր, գութան, շարքացան կամ սերմնացան, հետագայում ես իմ միջոցներով կիրականացնեմ ծրագրի հաջորդ փուլերը: Մրցույթում հաղթել է այս ընկերությունը, իսկ չհաղթած ընկերությունները բողոք չեն ներկայացրել»:

Ինչ վերաբերում է «Իդասի»՝ մրցույթից մեկ ամիս առաջ եւ 50 հազար դրամ կապիտալով ստեղծմանը, ապա Գեւորգյանին դա չի մտահոգում, ասաց, որ կարեւորը ընկերությունն իր գործառույթներն անի, իսկ ծրագրում ընկերության ստեղծման ժամկետ չի դրվել:
Յուրաքանչյուր տրակտորի 90,8 միլիոն դրամ արժեքն էլ Գեւորգյանը նորմալ համարեց եւ կրկին նշեց՝ մասնագետներից կազմված հանձնաժողովը այդ գնին համապատասխան տրակտորին համաձայնություն է տվել:

Գեւորգյանն ասաց, որ պետությունը պետք է այդ 700 միլիոնով ձեռք բերի նշված գյուխտեխնիկան եւ տրամադրի «Իդասին», տրակտորների գնման 2 մրցույթներն, այսպես ասած, չեն ստացվել, 3-րդն էլ պետք է հայտարարեն: Ինչ վերաբերում է ՎՊ-ի այն կասկածներին, որ այդ թանկարժեք տրակտորները նաեւ ծանր արդյունաբերությունում աշխատելու համար են, եւ հնարավոր է դրանք օգտագործվեն այլ ոլորտում էլ, Գեւորգյանը կրկին խնդիր չի տեսնում: Նա ասաց, որ հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը, երբ «Իդասը» այդ հզորությամբ տրակտորների առաջարկ է ներկայացրել: Իսկ այն, որ արդեն ձեռք բերված գութանները գտնվում են Պարույր Հակոբյանի «Արփա-Սեւան» ընկերության պահեստում, Գեւորգյանը կրկին խնդիր չի տեսնում. «Եթե մենք կարողանայինք ամբողջ տեխնիկայի գնումը կատարել ու ամբողջ գյուղտեխնիկան միանգամից տրամադրել «Իդասին», ապա պայմանագիր պիտի կնքեինք եւ պահպանման վայր պահանջեինք: Քանի որ միայն գութան ենք գնել, տվեցինք ամբողջական պահատվության «Իդասում»:
Նշենք, որ հետագայում այս գյուղտեխնիկան սեփականության իրավունքով հիմնադրամից անցնելու է «Իդասին», որի համար ընկերությունը հավելավճար է վճարելու:
Այս ընկերությունն իր ծրագրում նշել է մի ուշագրավ հանգամանք. «Ընկերությունը պարտավորվել է ծրագիրն իրականացնել 6 փուլերով, որի արդյունքում մինչեւ 450 հազար հա մշակվող տարածքներում մեքենայացված ծառայությունների կիրառման մակարդակը պետք է հասցներ 90%-ի՝ ունենալով մինչեւ 1 միլիոն շահառու՝ հետագայում ծառայություններ մատուցելով ՀՀ ամբողջ տարածքում»:

Ինչպե՞ս է «Իդասն» իր 7 տրակտորներով գյուղոլորտում ապահովելու 1 միլիոն շահառու, եթե հիմա ընդամենը 338 հազար զբաղվածներ կան գյուղատնտեսությունում: Մեր այս հարցին ի պատասխան էլ Գեւորգյանն ասաց. «Հաջորդական փուլով շահառուների թիվը կրկնապատկելու է: Շահառու ասելով դուք ի՞նչ եք հասկանում: Կարծեմ՝ 250 հազար ֆերմեր կա»: Մեր այն դիտարկմանը՝ եթե 1 միլիոն շահառու ասելով ընկերությունը նկատի ունի այդ ֆերմերների երեխաներին էլ, ապա գուցե թիվն ապահովվի, Գեւորգյանն արձագանքեց. «Չգիտեմ՝ այդ թիվը որտեղից է վերցրել»:

Գյուղատնտեսության նախարարությունը «թանկարժեք» ծրագրեր է անում, եւ ըստ էության դրանք մեծամասամբ հասանելի չեն շարքային գյուղացիներին, միայն հարուստներն ու խոշորները կարող են օգտվել, կարծես թե գյուղոլորտը տանում են դեպի հարուստ ֆերմերների «ստեղծմանը», որոնց ձեռքի տակ կաշխատեն շարքային ու ոչ հարուստ գյուղացիները: Ինչո՞ւ գյուղոլորտի պատասխանատուները այդ «թանկարժեք» ծրագրերն այնպես չեն կառուցում, որպեսզի սովորական գյուղացիներին էլ հասանելի լինեն: Գեղամ Գեւորգյանն այս առնչությամբ վստահեցրեց, որ պետությունը 3 ծրագիր է անում. «Մեկը կոոպերատիվներին է ուղղված. ասում ենք՝ եթե ուզում եք ստեղծեք անասնապահական կոոպերատիվ, վճարեք 20%-ը, մնացածը պետությունը կգնի: Մենք այստեղ չենք միջամտում: Մյուսը լիզինգն է՝ 2% տոկոսադրույքով 20% կանխավճար, մնացածը՝ պետությունը կվճարի: Ասենք՝ տրակտորի արժեքը 8.8 միլիոն դրամ է, 20% կանխավճարը 1,6 միլիոն դրամ է: Սա խոշորի կամ հարուստի՞ համար է: Ոչ: Ինչ վերաբերում է գյուղտեխնիկայի ծառայության 700 միլիոնանոց ծրագրին, ապա սրանով մենք ծառայություն ենք ստեղծում, որ բոլորին մատուցի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

11.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. man vel says:

    Փաստորեն գնվել է գութան առանց տրակտորի՝ հիմա ինչ գութանը Հակոբը պիտի քաշի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30