Նոր մոտեցում է առաջարկում «Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Հակոբյանը:
-Տարածված տեսակետ կա, որ կրիպտոարժույթները Հայաստանում կարգավորված չեն: Խոսքը բիթքոինի, լայթքոինի, բայթքոինի ու նման արժույթների մասին է: Կմանրամասնե՞ք։
– Իրավունքում կա «լրիվության» հասկացություն, որը նշանակում է, որ իրավական համակարգում չեն կարող լինել երեւույթներ, որոնք օրինական կամ ապօրինի չեն եւ չեն ընկնում այս կամ այն իրավակարգավորման տակ։
Պատկերացրեք ձեր համակարգիչը ուղղակի կապ է հաստատում մեկ ուրիշի համակարգչի հետ՝ առանց որեւէ կենտրոնական սերվերի, եւ փոխանակում է տեղեկատվություն՝ առանց դիմելու երրորդ անձի։ Իսկ այս համակարգով դրամական փոխանցում անելու դեպքում նույն կերպ վերանում է ֆինանսական հաստատության դիմելու կարիքը։ Նման է գրպանից կանխիկ վճարելուն, բայց դա էլ չի, որովհետեւ կանխիկ դրամը շրջանառության մեջ է դնում պետությունը, իսկ բիթքոինի դեպքում այն գեներացվում է ինքնուրույն։
Այն կապ չունի պետական եւ բանկային համակարգի հետ. բիթքոինն աշխատում է սովորական մարդկանց ջանքերի շնորհիվ, որոնք ինքնուրույն են հաստատում փոխանցումները եւ կանխում կեղծիքները եւ նույն բիթքոինի կրկնակի ծախսումները գաղտնագրման տեխնոլոգիաների միջոցով։ Այսինքն, սա դրամ կամ վճարման համակարգ չէ, չնայած արտերկրներում սկսել են դրան վերաբերվել որպես դրամական համակարգի, եւ ոչ միայն։ Որոշ դեպքերում դա դիտվել է որպես ներդրումային գործիք, որոշ դեպքերում՝ որպես ակտիվ, որոշ դեպքերում՝ որպես արժեթուղթ։ Հայաստանի օրենսդրության իրավական սահմանումների համատեքստում այն դրամ կամ վճարային գործիք, կամ վճարման համակարգ հավանաբար չի կարող դիտարկվել, որովհետեւ այդպիսի գործիքներ՝ համաձայն իրենց սահմանումների, ընդհանուր առմամբ, ենթադրում են պետական արժույթ՝ մետաղադրամների կամ թղթադրամների տեսքով, կամ բանկային հաշիվներում միջոցներ, իսկ կրիպտոարժույթը ոչ առաջինը, ոչ երկրորդը չի հանդիսանում։
-Գույք էլ չէ՞:
-Այն նաեւ չի համապատասխանում գույքի, գույքային իրավունքների եւ ոչ գույքային իրավունքների՝ Քաղաքացիական օրենսգրքում տրված սահմանումներին, ուստի իրավունքի մասնագետների մոտ իրավաչափորեն առաջացնում է կարծիք, թե դա օրենսդրությունում կարգավորված չէ։ Քաղաքացիական իրավունքի օբյեկտները, որոնք սահմանված են օրենսգրքի 132 հոդվածում, հետեւյալն են.
1. գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները,
2. աշխատանքները եւ ծառայությունները,
3. տեղեկատվությունը,
4. մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն),
5. ոչ նյութական բարիքները:
Այստեղ ուշադրություն են պահանջում տեղեկատվությունը եւ մտավոր գործունեության արդյունքների տեսակների մեջ՝ չբացահայտված տեղեկատվությունը, որը ներառում է նոու-հաուն, բայց դրանով չի սահմանափակվում (Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1100)։
Օրենսգրքով պաշտպանվող տեղեկատվություն է օրինակ՝ առեւտրային գաղտնիքը: Եթե նայենք, թե ինչպես է աշխատում բիթքոինը, ապա այն իր բնույթով նմանվում է առեւտրային գաղտնիքի, որովհետեւ բիթքոինում օգտագործվում է գաղտնի անձնական բանալի (դա թույլ է տալիս տնօրինել դրամապանակի միջոցները), որը երրորդ անձանց անհայտ լինելու ուժով հաշվեգրված բիթքոիններին հաղորդում է իրական կամ հնարավոր առեւտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն եւ տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար։ Բայց եթե նույնիսկ բացառենք կրիպտոարժույթի առեւտրային գաղտնիք հանդիսանալը, այն տեխնիկապես շարունակում է մնալ տեղեկատվություն։
– Դուք ասացիք, որ «չբացահայտված տեղեկատվությունը մտավոր սեփականության արդյունք է»: Մի՞թե դա գույքային կամ ոչ գույքային իրավունք չէ։
– Դասականորեն, մտավոր սեփականության արդյունքներն ունեն անձի հետ անխզելի կապվածության եւ անփոխանցելիության ոչ գույքային կոմպոնենտ, ինչպես օրինակ՝ ստեղծագործության հեղինակը լինելը. ունեն նաեւ գույքային կոմպոնենտ, օրինակ՝ ստեղծագործությունը վճարի դիմաց օգտագործման տալը։ Բիթքոինի դեպքում չունենք մարդու անձի հետ անխզելիությունը, եւ բիթքոինը կարելի է փոխանցել։ Միեւնույն ժամանակ բիթքոինը չունի գույքային կոմպոնենտ, որովհետեւ նյութական աշխարհի հետ կապված չէ։ Այլ հարց է, որ ժամանակակից քաղաքացիական շրջանառությունը կրիպտոարժույթի համար որոշակի գույքային կոմպոնենտի կարիք ունի։ Դասական պատկերացումներում իրավունքին հետաքրքրել է մարդու մտավոր գործունեության արդյունքում ստեղծված տեղեկատվությունը, մինչդեռ այսօր, կրիպտոարժույթների համատեքստում, գործ ունենք ավտոմատացված տեղեկատվության ստեղծման հետ, որի հեղինակը մարդը չէ, համակարգիչն է. սակայն այդ տեղեկատվությունը (բիթքոինի տեսքով) մեզ համար ձեռք է բերել առեւտրային արժեք։ Քաղաքացիական օրենսգիրքը գրելու ժամանակ ոչ բիթքոին կար, ոչ էլ բիթքոինի գաղափար, բայց օրենսգրքում գույքային եւ ոչ գույքային իրավունքներից զատ՝ որպես առանձին քաղաքացիական իրավունքի օբյեկտ, կարգավորվել է տեղեկատվությունը. մի դեպքում որպես առանձին՝ բանկային, ծառայողական կամ առեւտրային գաղտնիք, մյուս դեպքում, որպես մտավոր գործունեության արդյունք՝ չբացահայտված տեղեկատվություն, որն ունի նույն իրավական կարգավիճակը, ինչ առեւտրային գաղտնիքը։
Քաղաքացիական օրենսգրքի համատեքստում, եթե բիթքոինը նույնիսկ չենք դիտարկում առեւտրային գաղտնիք, ապա այն ընդամենը պաշտպանված չէ օրենքով (տես Քաղաքացիական օրենսգրքի 1164 հոդվածը)։ Իսկ եթե դիտարկում ենք առեւտրային գաղտնիք, ապա այն ունի նույն պաշտպանությունն, ինչ առեւտրային գաղտնիքը, մասնավորապես՝ այն պաշտպանվում է վնասների հատուցման ինստիտուտով։ Հետաքրքիր կլինի, թե ինչ կդիտարկվի բիթքոինը դատարանի կողմից։
– Պարոն Հակոբյան, իսկ բացի պաշտպանությունից, ուրիշ ի՞նչ իրավական կարգավորումներ պետք է հաշվի առնել։
– Կրիպտոարժույթն այսօր օգտագործում են որպես փոխանակման միջոց, թեեւ դա դրամ չի։ Դրանով ստանում են եկամուտներ եւ կատարում են ծախսեր։ Այն չի կարող չունենալ իր արժութային եւ հարկային կարգավորման հետեւանքները։ Պետք է հիշել, որ բիթքոինի վրա հավասարապես տարածվում են ՀՀ դրամից բացի, այլ բանով գնանշման եւ գործարքների իրականացման արգելքները եւ սահմանափակումները այնպես, ինչպես եւ ցանկացած այլ փոխանակման միջոցի դեպքում։ Ավելին, քանի որ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքի համատեքստում բիթքոինը նաեւ չի դիտարկվում արտարժույթ, դրա՝ որպես արժույթի շրջանառությունը Հայաստանում ստացվում է՝ թույլատրված չէ։ Իսկ հարկային եւ հաշվապահական տեսանկյունից, իր բնույթով եւ ըստ միջազգային ստանդարտի, այն կարող է դիտարկվել ոչ նյութական ակտիվ. IAS 38 միջազգային ստանդարտը մտավոր գործունեության արդյունքները դասում է ոչ նյութական ակտիվների շարքին։ Բայց մինչեւ դա ոչ նյութական ակտիվ դիտարկելը նկատենք, որ Հարկային օրենսգրքում տրված ակտիվի սահմանումը ներառում է միայն գույքը, գույքային իրավունքները եւ անձնական ոչ գույքային իրավունքները։ Այս համատեքստում առաջանում է որոշակի անճշտություն եւ խնդիր՝ բիթքոինն ակտիվ դիտարկելու համար։
– Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ այս պահին նշյալ արժույթները բավարար կարգավորված են Հայաստանում։
– Այս պահին կրիպտոարժույթները Հայաստանի օրենսդրությունում պարզապես տեղեկատվություն են։ Հարկային եւ հաշվապահական տեսանկյունից, որոշակի վերապահումներով եւ խնդիրներով, կարելի է համարել ոչ նյութական ակտիվ։ Բայց բիթքոինն այսօր չի օգտագործվում որպես ոչ նյութական ակտիվ. այն ունի փոխանակման միջոցի գործառնական նշանակություն, ուստի որքանո՞վ է ճիշտ, որ պետությունը այն թողնի առկա կարգավիճակով։ Հետեւաբար, օրենսդրությունում բիթքոինի կապակցությամբ որոշակի հատուկ կարգավորումներ անելը լավ գաղափար է։
– Ի՞նչ կարծիքի եք «Թվային տեխնոլոգիաների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով ինչպես Դուք եք ասում՝ լուծվում է միայն մայնինգը հարկերից ազատելու հարցը։
– Իմ կարծիքով, օրենքի նախագիծը մի քիչ կտրված է քաղաքացիական, հարկային եւ այլ ոլորտների իրավակարգավորումներից։ Կրիպտոարժույթը «բացառապես թվային եղանակով հասանելի ակտիվ» սահմանելով կրիպտոարժույթի թե քաղաքացիաիրավական, եւ թե հարկային իրավական կարգավիճակը չի հստակեցվում։ Բացի դրանից, մայնինգով զբաղվելը ձեռք է բերում հարկային արտոնություն. բայց բիզնեսը որպես ձեռնարկատիրական ծախս համախառն եկամտից նվազեցնելու է մայնինգի համար օգտագործած էլեկտրական հոսանքի ծախսերը, որը կարող է լինել բավականին մեծ։ Սա նշանակում է, որ բիզնեսները կարող են սկսել զբաղվել մայնինգով ոչ միայն մայնինգի հարկային արտոնության համար, այլեւ ոչ բիթքոինային եկամուտներից հարկերը քչացնելու նպատակով։
Վերջապես, բաց է մնում բիթքոիններով գործարքներ անելը. ներկայիս կարգավորմամբ դրամի դիմաց բիթքոին առնել կամ վաճառելը կարծես արգելված չէ, բայց բիթքոինով առեւտուր անելը՝ ոչ՝ չի թույլատրվում։
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
11.04.2018