Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բալետմայստերի՝ կորեական արքայական ընտանիքի մասին բեմադրությունը կշրջի աշխարհով մեկ

Ապրիլ 12,2018 14:00

«Առավոտը» հյուրընկալել էր «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին (լուսանկարում): Առիթը բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի կողմից Հարավային Կորեայում իրականացվող բեմադրությունն է: Բալետմայստերը ժամանակին մեզ հետ զրույցում (12.08.2017) ընդամենը տեղեկացրել էր այդ նախագծի մասին, նշելով, որ բեմադրությունն իրականացվելու է կորեական ազգային պարի, դասական, ժամանակակից ու մոդեռն բալետարվեստի համադրությամբ, 3D ձեւաչափով եւ այն պատրաստ կլինի 2018թ. ու կշրջի աշխարհով մեկ:

Մեր հարցերին ու հետաքրքրություններին ի պատասխան՝ Լիլիթ Պետրոսյանը նշեց, որ իր ղեկավարած հիմնադրամը այդ նախագծի գործընկերն է եւ վերջերս Ռուդոլֆ Խառատյանի հետ ինքը Հարավային Կորեայում էր: «Վերջին արքայադուստրը». այսպես է կոչվում ներկայացումը, որի սցենարը նույնպես մաեստրո Խառատյանինն է, երաժշտության հեղինակն էլ խորվաթ կոմպոզիտոր Վլադիմիր Բոդեգրադիկինն է: Այն աշխարհին կներկայացնի Կորեայի արքայական ընտանիքի պատմությունը, որի առանցքում արքայադուստր Դիոքին է: Փաստորեն, սա ազգային թեմա է, Կորեայի վերջին կայսրության՝ ճապոնացիների կողմից փլուզելու մասին, ինչը փրկելու համար արքայադստեր փորձերը ի չիք են դառնում…»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ բեմադրությունն արդեն պատրաստ է, իսկ ներկայացման համաշխարհային տուրնեն կմեկնարկի ամռանը՝ Բուդապեշտից եւ կշարունակվի մինչեւ 2020թ.: Նախատեսված է նաեւ «Վերջին արքայադուստրը» 2019թ. ներկայացնել Հայաստանում: Երեւանում խառատյանական վերջին մեկ-երկու բեմադրություններում հրավիրված էին նաեւ արտասահմանցի արտիստներ, հետաքրքրվեցինք՝ իսկ այս ներկայացման մեջ կա՞ն Հայաստանից հրավիրվածներ: «Հիմնականում ընդգրկված են Կորեայի ազգային հայտնի պարի խմբի 30 արտիստներ եւ Վաշինգթոն ազգային բալետից հրավիրված են Սոնա Խառատյանն ու կուբացի Ջիան Կառլո Պերեսը»,- ասաց տիկին Պետրոսյանը:

Սոնա Խառատյանը

Ջիան Կարլո Պերեսը

Զրույցի ընթացքում Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց կորեացիների կողմից Ռուդոլֆ Խառատյանին հրավիրելու պատմությունը. «Երեւանի օպերային թատրոնում 2015թ. «Զույգ արեգակներ» բեմադրությանը Խառատյանը հրավիրել էր նաեւ արտասահմանցի բալետի արտիստների, ոլորտի այլ մասնագետների նույնպես: Նրանց թվում էին Շվեյցարիայի Արտմենեջմենթ գործակալության ներկայացուցիչներ: Երբ 2017թ. սկզբին կորեական կողմը՝ հանձին Gyeonggi Arts Center-ի ու նրա նախագահ միստր Չանգի, դիմել է շվեյցարացիներին՝ «Վերջին արքայադուստրը» բեմադրելու համար բալետմայստեր ընտրելու խնդրանքով, նրանք առաջարկել են Խառատյանին»: «Բալետ 2021» հիմնադրամի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ իրենց գործունեության մասին, նշելով, որ մեզ հայտնի են հիմնադրամի եւ Խառատյանի համատեղ իրականացրած «Զույգ արեգակներ» եւ «Բոհեմ» ներկայացումները: «2012թ. հիմնադրամի ստեղծման առաջին նախագծերից էր ամերիկյան ճանաչված Bad boys խմբի երեւանյան ելույթը, որտեղ խումբը նույն երեկոյի ընթացքում համատեղ հանդես եկավ Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի հետ եւս: Բացի ներկայացումներից, իրականացրել ենք բեմադրություններ, իսկ մեր օպերային թատրոնի արտիստների մասնակցությամբ՝ նաեւ բալետի երեկոներ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում եւ այլն»,- փաստեց մեր զրուցակիցը: Մեր հյուրը առաջիկա ծրագրերի մասին հայտնեց, թե դարձյալ նախագծեր ունեն իրականացնելու Խառատյանի հետ: «Բանակցություններ են ընթանում Լորիս Ճգնավորյանի եւ Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ՝ Երվանդ Երկանյանի երաժշտությամբ Չարենցի «Նավզիկե» պոեմը 2019թ.՝ թանգարանի հիմնադրման 55-ամյակի առիթով բեմադրելու համար: Ցանկություն կա այս աշնանը ֆրանկոֆոնիական միջոցառումների շրջանակներում բեմ հանել Խառատյանի սցենարով ու խորեոգրաֆիայով Միշել Լեգրանի երաժշտությամբ «Շերբուրգյան հովանոցները»,- առանց մանրամասնելու տեղեկացրեց մեր զրուցակիցը:

ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

11.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30