ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն իրենց ուրույն պատկերացումներն ունեն լրագրության մասին: Թամարա Գասպարյանը, որն այս պահին մշակութային թեմաներով է գրում, առաջիկայում ցանկություն ունի անդրադառնալ սոցիալական եւ քաղաքական ոլորտներին:
«Կարծում եմ, որ հատկապես սոցիալական խնդիրներ լուսաբանելիս լրագրողները երբեմն սխալներ են թույլ տալիս. չեն պահպանում էթիկայի տարրական կանոնները, առանց թույլտվության ձայնագրում են, ընտրում սխալ բառեր, խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ շփումներում էլ գրագետ չեն լինում, նրանց վերաբերվում են դատավորի նման: Լրագրողներ էլ կան, որ սահմանափակվում են պաշտոնական տեղեկատվությամբ, ասուլիսներով, սեմինարներով, վիճակագրությամբ կամ նստած սպասում են, որ մեկը գա խմբագրություն: Այսինքն, կա լրագրողական նախաձեռնության պակաս…Հանդիպում են նաեւ նյութեր, որտեղ բացակայում է երկրորդ կողմը»,- կարծում է Թամարան: Նա գտնում է, որ այսօր չափազանց քիչ են հետաքննական բնույթի նյութերը:
Նելլի Պետրոսյանին հոգեհարազատ է սոցիալական ոլորտը, քանի որ, նրա ձեւակերպմամբ, այն իր մեջ ներառում է տարրեր` մյուս ոլորտներից: «Լրագրության մեջ «մարդկային պատմություններն» (human story) ինձ համար ամենագրավիչն են, հետաքրքիր է լսել, թե ինչ է մտածում երկրիդ յուրաքանչյուր քաղաքացին: Չէ՞ որ լրագրության ոսկե կանոն է բացահայտել խնդիր եւ գտնել դրա լավագույն լուծումը:
Սոցիալական խնդիրների լուսաբանումը հաճախ վերաճում է դիմանկարային հաջող ակնարկի: Այդ ժանրը արեւմտյան լրագրության արդի ավանդույթներին ինձ համար երբեք «կուլ գնալ» չի կարող»,- նշում է Նելլին: Նա ցանկանում է, որ իր խոսքերով, «բամբասանքների լրագրությունը» վերանա, ավելի մեծ տեղ գրավի սոցիալական ոլորտի լուսաբանումը: Նելլի Պետրոսյանը նաեւ կարծում է, որ միջազգային լրահոսի ապահովման համար որակյալ թարգմանիչների պակաս կա, ինչի պատճառով էլ հաճախ լրատվամիջոցներում տեղ են գտնում սխալներով հագեցած եւ աղավաղված բովանդակությամբ նյութեր: «Ցանկալի է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց գոնե մեկ լուսանկարիչ ունենա: Միշտ հաճելի է հեղինակային «արտադրանքի» առկայությունը: Կարծում եմ, որ վերջին շրջանում լրատվամիջոցները չարաշահում են «ուղիղ միացման» հնարավորությունը, մինչդեռ դա պետք է հիմնավորված եւ արդյունավետ լինի»,-հավելում է ԵՊՀ ուսանողը:
Վարսիկ Սահրադյանը հետաքրքրված է մշակութային եւ սպորտային ոլորտներով, տպավորված է հատկապես հայ մարզիկներով: «Պետք է գրել միայն օբյեկտիվ եւ անաչառ հոդվածներ եւ երբեք անձնականը չշփոթել գործնականի հետ: Լավագույն արդյունքի հասնելու համար էլ պետք է լինել հնարավորինս հետաքրքրասեր»,-համոզված է նա:
Սվետա Պապոյանին եւս հետաքրքրում են հետաքննությունները եւ սոցիալական ոլորտի լուսաբանումները: «Հետաքննական ոլորտը նախընտրում եմ, քանի որ կարողանում ես խնդիրները ներկայացնել բազմակողմանիորեն, ստուգել փաստերը տասն անգամ, քանի որ բավականաչափ ժամանակ ես ունենում»,- ասում է Սվետան: Նա չի ընդունում, երբ զինվոր կորցրած ծնողներին լրագրողները ոչ պատեհ պահի ու ոչ այնքան զգույշ ձեւակերպումներով հարցեր են տալիս:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:
«Առավոտ»
11.04.2018