ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմեն Օհանյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվում է 2001 թվականից: Նա հայտնի է հիմնականում քաղաքացիական եւ վարչական գործերով: Արմենը փաստաբան լինելուց բացի, ստեղծագործում է, եւ նա իմ հերթական հայտնություններից մեկն էր:
-Արմեն, նկատեցի, որ նախընտրում ես քանդակներ անել, հումք ընտրելով քարը, օբսիդիանը, կավը:
-Օբսիդիանը սկսել եմ մշակել դեռեւս 1988 թվից: Պատրաստել եմ գրասենյակային պարագաներ, հուշանվերներ, զարդեր: Իսկ կավը սկսել եմ մշակել 2 տարի առաջ: Ծոփափնյա քարերը սկսել եմ ներկել մեկ տարի առաջ: Կավից պատրաստում եմ փողի դրամապանակներ, նաեւ՝ արձանիկներ: Ի դեպ, ճիշտ նկատեցիք, աշխատում եմ նաեւ ծոփափնյա քարերի հետ էլ, որոնք սկսել եմ ներկել մեկ տարի առաջ:
Մի նյութից մյուսին անցնելով հանգստանում եմ: Բոլոր ինքնաշեն հաստոցներս եւ գործիքներ վերոնշյալ նյութերի հետ աշխատելու համար ամառանոցում են: Ես միշտ գերադասել եմ ակտիվ հանգիստը՝ մի նյութից մյուսին անցնելով: Երբեմն էլ էներգիա եմ ստանում հող մշակելով:
-Իսկ մտադիր չե՞ս ցուցադրվել, ցուցահանդես կազմակերպել:
-Քանի դեռ հավաքածու չեմ ստեղծել, ցուցահանդեսի մասին չեմ մտածել: Մի թուլություն ունեմ. ստեղծած աշխատանքներս մշտապես նվիրել եմ բարեկամներիս եւ հարազատ մարդկանց: Այժմ մտածում եմ ցուցահանդեսի մասին, կարծում եմ, որ ճիշտ կլինի:
-Ես գիտեմ փաստաբանների, ովքեր մարզաշխարհում հայտնի անուններ են, նաեւ բանաստեղծների, իսկ քանդակագործի չգիտեի: Դու ո՞ւմ գիտես:
-Փաստաբաններից գիտեմ միայն Վարուժան Վարդանյանին, որը ստեղծագործում է՝ գիտեմ երգեր է գրում, թե երգի խոսքեր, գործիքավորում է իր գրած երգերը:
-Որքան տեղյակ եմ, դուք նաեւ «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամն եք գլխավորում, ճի՞շտ է:
– «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է 2014-ին: Ես մտա այդ հիմնադրամ մեկ պարզ պատճառով, այն է՝ հայկական մանրանկարչության ժառանգության վերհանման, նորովի կիրառման եւ տարածման համար: Ուղղակի այդ ժառանգությունը պետական մակարդակով բավարար չափով չի կիրառվում եւ չի տարածվում: Այսինքն, պետական այրերը այդ իմաստով լուրջ թերանում են եւ մեր հիմնադրամը փորձում է լրացնել այդ բացը: Մասնավորապես հիմնադրամի կողմից մշակվել եւ արդեն իսկ գործարկվել են 2 խոշոր ծրագրեր: Դրանք են՝ մանրանկարչական բատիկան, որի շրջանակներում մեր դիզայներների եւ նկարիչների կողմից ստեղծվում են բատիկայի գործեր, «Թորոս Ռոսլին» ծրագիրը, որի շրջանակներում ստեղծում ենք մանրանկարչական կոլաժներ: Հիմնադրամի հիմնական գործընկերը Մատենադարանն է: Համագործակցում ենք նաեւ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի, Հ. Թումանյանի, Չարենցի, Մ. Սարյանի տուն-թանգարանների հետ: Տվել ենք տպագրության «Իմ Այբուբենը» մանկական մանրանկարչական գունավորման ալբոմը, որտեղ մաշտոցյան տառերը պատկերված են թռչնատառերի տեսքով: Այն քայլերը, որոնք մենք արդեն իսկ արել ենք եւ այն կատարողականը, որը արդեն ունենք, կատարել ենք բացառապես մեր ուժերով՝ մեր հիմնադիրների կողմից որոշակի գումարներ իրենց անձնական միջոցների հաշվին հիմնադրամին նվիրաբերելով: Բայց այդպես չի կարող շարունակվել, պետական այրերի, բարեգործական կառույցների, մեր գործարար աշխարհի կողմից մեր բարձրացվող հարցերի վերաբերյալ նման անտարբերություն դրսեւորելու պարագայում մեր հիմնադրամը ուղղակի մի օր կփակվի:
«Առավոտ»
11.04.2018