Օրեր առաջ «Գալա Արտ» ցուցասրահի տնօրինությունը վերադարձավ ԱՄԷ-ի Դուբայ քաղաքից, որտեղ երկու անընդմեջ ամիսներ հայկական արդի եւ ժամանակակից կերպարվեստի երեք մեծ ցուցահանդեսներ էր կազմակերպել, Միջին Արեւելքի արվեստի ամենաառաջատար հարթակում ներկայացնելով ցուցասրահի 21 արվեստագետների ավելի քան 100 աշխատանքներ:
Նախադեպը չունեցող այս նախաձեռնությունը խոշոր քայլ էր՝ հայկական կերպարվեստի մուտքը ապահովելու համար դեպի միջազգային արվեստի շուկա, որտեղ «Գալա Արտ»- ը իր հերթական հաջողությունը գրանցեց, երկու ամիսների ընթացքում ավելի քան հինգ հազար այցելուների հյուրընկալելով եւ ծանոթացնելով հայկական կերպարվեստին եւ նրա առանձնահատկություններին, մի բան, որը ոչ միայն Հայաստան երկրի եւ հայկական մշակույթի մասին բարձրախոսեց, այլեւ ճանապարհ հարթեց գալիք կարեւոր համագործակցությունների:
Հատկանշական է այն փաստը, որ ԱՄԷ-ի ամենահայտնի լրատվական թերթերից՝ THE GULF NEWS օրաթերթը, մեծ հոդվածով լուսաբանել է երեք ցուցահանդեսները, որտեղ հատկապես ասվում է՝ «Հայկական արդի եւ ժամանակակից կերպարվեստի անզուգական նմուշներ՝ արժանանում են մեծ ուշադրության Դուբայում»
Արաբական աշխարհի հռչակավոր «AL ARABIYA» հեռուստակայանը նույնպես անդրադարձել է ցուցահանդեսներին, հրավիրելով «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր փոխտնօրեն Նուշիկ Միքայելյանին ուղիղ եթեր, որտեղ էլ Միքայելյանը անակնկալ է մատուցել ավելի քան 23.000.000 արաբ հեռուստադիտողների շուրջ 17 երկրներում, արաբերեն լեզվով լուսաբանելով հայկական կերպարվեստի ցուցահանդեսների շարքը:
Հայտնի սիրիացի գրող տիկին Ղալյա Խոջան, ով հանդիսանում է Al ITTIHAD արաբական հայտնի թերթի լրագրող, հրաշալի հոդվածով էր հանդես եկել, որտեղ ոչ միայն ցուցահանդեսներն էին լուսաբանվել, այլեւ հայ մարդն ու նրա պատմությունը եւ հայոց պատմության ազդեցությունը հայկական կերպարվեստի վրա թեմայով:
Ցուցահանդեսներից երրորդը, որը միջազգային խոշորագույն Արտ Էքսպոներից՝ «ART DUBAI»-ի անցկացման օրերին էր զուգահեռ տեղի ունենում, ի պատիվ «Գալա Արտ»-ի, ընդգրկվեց մարտ ամսվա կարեւորագույն ցուցահանդեսների շարքում՝ «ART WEEK» նշանավոր տարեգրքում:
Ըստ «Գալա Արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեն Ավետիս Բերբերյանի, այս քայլը հետագա լուրջ ծրագրերի համար կարեւոր մեկնարկ էր, որովհետեւ «բոլոր հաջողությունների գրավականը խոսքից հրաժարվելով՝ գործի անցնելն է»:
Սեփ. լր.
Լուսանկարները՝ gulfnews.com-ից:
I was one of those visitors who enjoyed the final exhibition of Gala Art Gallery during my visit to Dubai. I was glad to meet the Founders of Gala Art Mr. Berberyan and Mrs. Noushig who were both very enthusiastic and way over professional. Hope to see you soon in London!