Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի թեկնածությունից բացի այլ թեկնածություն չի քննարկվել, սակայն նշեց, որ ՀՀԿ Գերագույն մարմինը կուսակցության խորհրդին շաբաթ օրը կառաջարկի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին:
Հարցին՝ առաջին փոխվարչապետի և ընդհանրապես փոխվարչապետերի հարց քննարկվե՞լ է, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Առաջին փոխվարչապետի, փոխվարչապետերի, կառավարության ձևաչափի հետ կապված քննարկումների ժամանակ դեռ ունենք: Բացի վարչապետի թեկնածուի անվան հետ կապված քննարկումը որևէ այլ բան չենք քննարկել: Վարչապետի հարցն էլ դե յուրե խորհրդում կքննարկենք և կորոշենք շաբաթ օրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ թեկնածու չի քննարկվել, ԳՄ անդամներն առանց բացառության խորհրդին կներկայացնեն այդ առաջարկը, և խորհուրդը շաբաթ օրը որոշում կկայացնի»:
Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն այն քաղաքական ու պետական գործիչն է, որն առնվազն վերջին երեսուն տարիների ընթացքում առաջնորդվել է ոչ թե անձնական, այլ պետական շահերով: Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ ԳՄ բոլոր անդամները բարձր են գնահատում նրա նվիրվածությունը, փորձը իմաստնությունը, և այլ կարծիք, այլ թեկնածուի անուն չի էլ հնչել:
Հարցին՝ այս որոշմամբ ՀՀԿ-ն արդյոք Սերժ Սարգսյանին չի՞ ստիպում դրժել իր խոստումը, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Պետական գործիչը պետք է առաջնորդվի պետական շահով, պետական մարտահրավերներով: Չեմ ուզում ևս մեկ անգամ խոսել այն հարցի շուրջ, որի մասին տասնյակ անգամներ խոսել եմ: Մենք այն քաղաքական ուժն ենք, որ պետության շահով է առաջնորդվում: Իսկ պետական շահը պահանջում է, որ վարչապետ առաջադրվի ՀՀԿ նախագահը, քանի որ ՀՀԿ-ում ավելի փորձառու, իմաստուն, մարտահրավերներին ավելի ճիշտ դիմակայելու ունակ, ավելի պատրաստված գործիչ չկա, քան Սերժ Սարգսյանն է: Սա չի նշանակում, որ ՀՀԿ-ում այլ գործիչներ չկան, բայց լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Հասարակությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում կառավարություն ձևավորելու մանդատը մինչև 2022-ը տվել է ՀՀԿ-ին: Առաջնորդվելով իր միակ պատվիրատուի պատվերով՝ ՀՀԿ-ն առաջադրել է վարչապետի թեկնածություն»:
Հիշեցմանը՝ Freedon House իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած զեկույցում ՀՀ-ն կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պարոն Շարմազանովն այսպես արձագանքեց. «Կարող եմ դրան հակադրել բազում պաշտոնական տեսակետներ՝ թե ԵՄ-ից՝ տիկին Մոգերինին, թե Յագլանդի հայտարարությունները, ԱՄՆ հարգարժան դեսպանի հայտարարությունը, ապրիլյան ընտրությունների հետ կապված բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունների հայտարարությունները, որոնք նշում էին՝ ՀՀ-ն երբեք այսքան մոտ չի եղել ԵՄ-ին: Ուստի դժվար թե դեպի ավտորիտարիզմ գնացող պետությունն այդքան մոտ լինի ԵՄ-ին: Անձամբ Մոգերինին է ասել, որ ՀՀ-ն երբեք այսքան մոտ չի եղել ԵՄ-ին: Սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»:
Դառնալով ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության իրականացվող ցույցերին, պարոն Շարմազանովն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքական կուսակցության ներկայացուցչի իրավունքն է օրենքով սահմանված կարգով ներկայացնել իր կարծիքը բոլոր այն ակցիաներով, որոնք տեղավորվում են օրենքի և սահմանադրության շրջանակներում. «Նորմալ ենք վերաբերվում: Դա այդ քաղաքացու իրավունքն է: Մենք էլ մեր իրավունքից պիտի օգտվենք: Սահմանադրությունը մեզ է իրավունք տվել առաջադրել վարչապետի թեկնածություն: Երբ ՔՊ-ն կունենա մեծամասնություն, խնդիր չկա, թող իրենք առաջադրեն վարչապետ: ՔՊ-ն նախ թող համոզի ԵԼՔ-ի իր գործընկերներին: ՔՊ-ն այսօր փոքրամասնություն է հենց իրենց խմբակցությունում: Տեսանք՝ այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության առնվազն հինգ պատգամավոր ԱԺ-ում էին, չէին մասնակցում քայլերթին: Թող բարի լինեն համոզեն ԵԼՔ խմբակցության իրենց գործընկերներին, նոր խոսեն ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի կամ ՀՅԴ կարծիքների վերաբերյալ»:
Լրագրողներից մեկի հարցը, թե կարծում եք, որ մեկ տարի առաջ ՀՀԿ-ին ձայն տված քաղաքացին չի՞ փոշմանել, վրդովեցրեց պարոն Շարմազանովին: Նա այսպես արձագանքեց. «Դուք սուրճի բաժակ նայո՞ղ եք, թե՞ լրագրող: Փոշմանելը քաղաքական կատեգորիա չէ: Դուք ԱԺ նախագահի տեղակալին նման սիրողական հարցեր մի տվեք: Ես խոսում եմ քաղաքական և իրավական կատեգորիաներով: Եթե որևէ մեկը փոշմանել է, միգուցե փոշմանել են այլ խմբակցությունում, որ մնացել են փոքրամասնություն»:
Հարցին՝ ի՞նչ պետք է լիներ, որ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Արարատ Միրզոյանի՝ ճայթուկներով ԱԺ-ն ծխի մեջ կորցնելու նախաձեռնությունը շոու դառնար, և պարոն Շարմազանովը չհայտարարեր, որ շոուն չստացվեց, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Միգուցե արձագանքեինք այնպես, ինչպես իրենք ուզում էին, բայց մենք սադրանքների չենք տրվում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ