Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանի» տարեցներն ու փոքրիկները հուզեցին իրենց ելույթներով (Ֆոտոշարք)

Ապրիլ 11,2018 22:22

Ապրիլի 11-ին «Օրրանի» տարեցների «Ծիածան» երգչախումբը, կազմակերպության փոքրիկները նաեւ Վանաձորի «Օրրանի» դհոլահարները հանդես եկան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Համերգը յուրատեսակ հաշվետվություն էր, նաեւ ապացույց, թե ինչ հոգատարությամբ են շրջապատված օրրանցիները:

Համերգի նախաձեռնությունը «Օրրան» բարեգործական կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանինն է, որն ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին, ստեղծել է մի տաքուկ անկյուն, որտեղ միայնակ ծերերն ու խոցելի խմբերի երեխաները կարող են իրենց ապահով ու սիրված զգալ:

«Օրրանի տարեցները սկզբում տարակուսած էին, թե ինչպե՞ս կարող են այդ տարիքում դուրս գալ բեմ ու երգել, սակայն ժամանակի ընթացքում իրենք էլ հասկացան, որ երգը մի գեղեցիկ միջոց է, որով բարություն են պարգեւում եւ հարստացնում մարդկանց ներաշխարհը»,-ասաց տիկին Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երբ տասնութ տարի առաջ ամուսնու հետ միասին հիմնադրում էին «Օրրանը», չէին սպասում, թե այն կարող է դառնալ նման ճանաչված ու սիրված ու կայացած կազմակերպություն:

«Յուրաքանչյուրդ, որ այսօր այստեղ եք, պետք հպարտությամբ լցված լինեք, որովհետեւ յուրաքանչյուրդ ձեր ներդրումն եք ունեցել «Օրրանի» կայացման գործում: Անցյալ շաբաթ, երբ ես ու Րաֆֆին զրուցում էինք, թե որն է «Օրրանի» հաջողության գաղտնիքը, երկուսս եկանք այն եզրակացության, որ «Օրրանն» այսքան սիրված եւ հաջողված է, որովհետեւ ունենք հիանալի աշխատակիցներ եւ կամավորներ, նվիրված տնօրենների խորհրդի անդամներ եւ աշխարհով մեկ սփռված նվիրատուներ: Միաժամանակ նշեմ, որ «Օրրանը» նաեւ իր անկախ ճակատագիրն է ունեցել: «Օրրանն» իր անկախ քայլերով իր ճանապարհ է հարթել, իր սիրող եւ տաքուկ անկյունում պահել է հազարավոր մանուկների եւ տարեցների, նրանց օգնության ձեռք է մեկնել…Ուրեմն, եկեք այսօր էլ խոստանանք նրանց, որ միշտ կլինենք իրենց կողքին, կկիսենք ուրախություններն ու տխրությունները, կհպարտանանք նրանցով»,-ասաց Արմինե Հովհաննիսյանը:

«Օրրանի» տարեցների ու փոքրիկների ելույթներն, իսկապես հուզիչ էին, կատարումները՝ բարձրակարգ: Դահլիճից նույնիսկ «բրավո»-ներ էին հնչում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30