Քաղաքացիական շարժումների առանձին ներկայացուցիչների կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մայրաքաղաքում փակվելու են փողոցներ, շրջափակվելու են շենքեր, շինություններ: Նմանատիպ գործողություններն անխուսափելիորեն խոչընդոտ կհանդիսանան քաղաքացիների իրավունքների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը:
Պարզաբանում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ուժով հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման:
Նույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հավաքի մասնակցի պարտականությունը՝ չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:
Հիշեցնում ենք նաև, որ վերը նշված օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները, որոնք, ի թիվս այլոց, ներառում են հավաքի ղեկավարի պարտականությունները՝հավաքի ընթացքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով, ինչպես նաև հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։
Կոչ ենք անում հավաքի մասնակիցներին անշեղ կատարել օրենքով նախատեսված պահանջները և թույլ չտալ հակաիրավական գործողություններ՝ խուսափելու համար դրանից բխող իրավական հետևանքներից:
Միաժամանակ կոչ ենք անում հավաքի փաստացի կազմակերպիչներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և օրինավոր վարք, հավաքի վայրերում պարտադիր փոխգործակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Խաղաղ, առանց զենքի, բնականոն հավաքը կստանա ոստիկանության անվերապահ աջակցությունը, կերաշխավորվեն հավաքի բոլոր մասնակիցների՝ հավաքի ազատության իրավունքն ու անվտանգությունը:
ՀՀ ոստիկանություն
համբերանք եւ հանդարտութիւն, ոստիկաններ. մի քանի օր մնաց, նոր Վարչապետը կը հաստատուի, եւ սովորական խանգարիչների համար աւելի դժուար կը դառնայ երեխաները խաբել ու փողոց իջեցնել… մի ծեծէք, հաճիք… կարիքը չկայ…