Գյումրու «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոն հաճախող ավելի քան 25 երեխաներ, որոնք աուտիզմ ունեն, բուժվում են երաժշտաթերապիայի միջոցով։
Ըստ մասնագետների, երաժշտությունը նրանց համար ինքնադրսևորման լավագույն տարբերակներից է:
Այսօր այս կենտրոնում կազմակերպված տեղեկատվական հանդիպման ժամանակ սաներից մեկը՝ 19-ամյա Հայկ Ոսկանյանը երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանի հետ անակնկալ է մատուցել՝ թմբուկով ու քսելոֆոնով ներկայացնելով Գունոի, Շտրաուսի, Վերդիի և Մոցարտի ստեղծագործությունները, խոսել չկարողացող պատանին իր կատարմամբ պարզապես հիացրել է ունկնդիրներին։
Նրա մոր՝ Սոֆյա Պողոսյանի ասելով, Հայկը, հատկապես դասական երաժշտություն է սիրում, երբ չսիրած ոճեր է լսում, օրինակ՝ ռեփ, փակում է ականջները, անջատում հեռուստացույցը, Վիվալդի ու Պավարոտի լսելիս էլ դառնում է անչափ նրբազգաց․ սկսում է արտասվել:
Մոր ասելով, նրան երաժշտական դպրոց են տարել, սակայն նա սիրում է պարապել տիկին Գոհարի հետ, նոտաները ըմբռնում է՝ ուսուցչի հետ նվագելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ