Այս պահին Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում ոստիկանները մետաղյա պատնեշ են տեղադրել, որպեսզի կանխեն ցուցարարների մոտեցումը ՀՀԿ գրասենյակին:
Հիշեցնենք, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները որոշել են այսօր շրջափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որպեսզի այդ կերպ ճնշում գործադրեն եւ թույլ չտան, որպեսզի ՀՀԿ-ն այսօր նախատեսվող ՀՀԿ ԳՄ նիստին առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ցույցի մասնակիցները, ինչպես ՔՊ-ի պատգամավորներն այսօր ԱԺ-ում, գունավոր ծխարձակիչներ վառեցին:
Դավիթ Սանասարյանը դիմեց ոստիկաններին, կոչ անելով՝ «Մենք ձեզ հետ խնդիր չունենք, իսկ բարձրաստիճան ոստիկանները, որոնք փորձեն կատարել անօրինական հրամաններ եւ ժողովրդի վրա մատ թափ տալ, կկանգնեն դատարանի առաջ, չկասկածեք:
Ամսի 13-ից այնքան ենք շատանալու, որ դուք ինքներդ, ոստիկաններդ, թողեք սպայի պատվով ու ՀՀ քաղաքացու շնորհքով թողեք այս հոտած կառույցը, ու միանաք ՀՀ քաղաքացուն: Այդ օրը գալու է, մենք ձեզ խոսք են տալիս»:
Մելիք Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների հատվող մասում այս պահին «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, համախոհները վանկարկում են՝ «ՀՀԿ-ին ասում ենք՝ ո՛չ, մերժի՛ր Սերժին»:
Իրավիճակը խաղաղ է, հնչում է «Իմ քայլը» նախաձեռնության երգը, նույնիսկ պարողներ կան. օրինակ՝ Թամար Հովհաննիսյանը:
ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարվելու է, թե արդյոք որոշվել է առաջադրել վարչապետի թեկնածու եւ ում: Ավելի վաղ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ հանրապետականները Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ