Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ, 2008-17թթ. լավ հնարավորություն էին տնտեսությունն էապես զարգացնելու ու ապագայի համար լուրջ հիմքեր դնելու համար:
«Կառավարությունն այս տարիներին Կրթության ու առողջապահության ոլորտներին ուղված ծախսերը պետք է մեծացներ, ինչը հիմք կարող էր դառնալ տնտեսության զարգացման համար: Բայց այս տարիներին դոլարային արտահայտությամբ մեր պետական բյուջեն ծախսերի տեսանկյունից ընդամենը 4 տոկոսով է ավելացել, ընդ որում՝ պետական ոլորտին ուղղված ծախսերը աճել են 60 տոկոսով, իսկ կրթության ու առողջապահության ոլորտում խայտառակ պատկեր ունենք. առողջապահության ոլորտում տասը տարվա կտրվածքով աճ ընդհանրապես չի եղել, իսկ կրթության ոլորտի հատկացումները 14 տոկոսով նվազել են, սրա մեջ մեծ բացասական ներդրում ունի պետական պարտքը»,- ամփոփելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարիները՝ նկատեց տնտեսագետը:
Ըստ նրա՝ նախորդ տարի գրանցված 7,5 տոկոս տնտեսական աճն էլ ակնհայտ որեւէ ազդեցություն չունեցավ հասարակության բարեկեցության վրա, չբարձրացան աշխատավարձեր ու թոշակներ, որովհետեւ տնտեսական 7,5 տոկոս աճի շնորհիվ բյուջետային եկամուտներն այնքան էին, ինչքան ավելացավ պետական պարտքի սպասարկումը:
Նա նաեւ նկատեց, որ առաջիկա տարիներին նույնիսկ, եթե գրանցվի տասը տոկոս տնտեսական աճ, այն որեւէ կերպ չի անդրադառնա հասարակության բարեկեցության վրա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ