Բերդի տարածաշրջանի բնակիչները մեզ բողոքել են, որ Բերդի տարածաշրջանում պաթանատոմ՝ դիահերձող չկա, դիահերձող դատական բժիշկը Սեւան քաղաքից, 130 կմ հեռավորությունից է Բերդ մեկնում, վերջինս հաճախ ուշանում է, նա մահացածի հարազատներին ասում է, որ մի քանի մահվան դեպքերի դեպքում միայն ինքը կգնա Բերդ, դատական բժիշկը մահացածների հարազատներին ասում է, որ վերջիններս դիահերձումից հետո պետք է վերցնեն մահացածի ներքին օրգանները:
Զանգահարեցինք Սեւանի Դդմաշեն գյուղի բնակիչ, դատական բժիշկ Սահակ Ավետիսյանին: Նա ասաց, որ վերջերս Բերդի բնակիչներից մեկը, որն իր հարազատի մահվան վկայականը ստանալու խնդիր է ունեցել, բողոքել է իր աշխատանքից, Հայաստանի լրատվամիջոցներից մեկն առանց իրեն հարցեր ուղղելու եւ պարզաբանումներ ստանալու, իր աշխատանքի վերաբերյալ քննադատական հոդված է հրապարակել:
Ս. Ավետիսյանը, որը 30 տարեկան է, ասաց, որ մեկ ամիս է՝ ինքը նաեւ Բերդի տարածաշրջանում է դատական բժիշկ աշխատում, մեկ ամսում այդ տարածքում 7 դիահերձում է կատարել, այն պնդումը, որ մի քանի մահվան դեպքում է միայն ինքը Բերդ մեկնում, իրականությանը չի համապատասխանում: Դատական բժիշկն ասաց, որ ինքը միշտ սահմանված ժամկետում, մահվան դեպքից 12 ժամ անց, բայց ոչ ուշ, քան 24 ժամում է կատարում դիահերձումը, ինքն այդ գործը երբեք չի ուշացրել:
Նրա խոսքերով` որպես դատական բժիշկ, ինքն անվճար է կատարում դիահերձումը, մահացածի հարազատները վճարում են միայն սանիտարուհուն, որը նրանց վճարման անդորրագիր է հանձնում: Սանիտարի աշխատանքը դիահերձման գործի մաս չի կազմում:
Ս. Ավետիսյանը պարզաբանեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգանները իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում, եղել է 1-2 դեպք, երբ մահվան պատճառ դարձած, ուոռւցքահարված օրգանը նեխած է եղել, եւ այն մարմնից հեռացնելու խնդիր է ծագել: Նա ասաց, որ առաջիկայում լուծվելու է Բերդի բժշկական կենտրոնի տարածքում դրանք թաղելու համար նախատեսված տարածքի հարցը:
Ս. Ավետիսյանը հայտնեց, որ Բերդի տարածաշրջանում տարեկան մահվան շուրջ 400 դեպք է տեղի ունենում, մինչդեռ ինքը մեկ ամսում 7 դիահերձում է կատարել: Նրա խոսքերով՝ ինքը դիահերձում է կատարում քննիչի, հետաքննիչի կամ այլ իրավապահի որոշմամբ: Բազմաթիվ դեպքերում Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում դիահերձում չի կատարվում կամ այն կատարվում է տնային պայմաններում: Տնային պայմաններում դիահերձումից հետո կարող է վարակ տարածվել այդ տան բնակիչների, հատկապես` փոքրահասակ երեխաների մեջ:
Դատական բժշկի վկայությամբ` շատ դեպքերում Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում մահացածի հարազատները մահվան վկայական ստանում են ընտանեկան բժիշկներից, մինչդեռ կարող են դեպքեր լինել, որ մահվան պատճառը մահացածի հիվանդությունը չի եղել, հետո արտաշիրիմում կատարելու անհրաժեշտություն կառաջանա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ