Այսօր «Գյումրի Լոֆտ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» վերնագրով յուրատեսակ ցուցահանդեսը։
Այն ներկայացնում է Հայաստանում վերջին տասնամյակում կոռուպցիոն սկանդալների լուսաբանման պատմությունը։ Այն «Լրատու» մեդիա թանգարանի նախագծերից մեկն է, որի նպատակը ոչ միայն մեդիայի պատմությունը ներկայացնելն է, այլ անցյալի խոշոր իրադարձությունների լուսաբանումը՝ մեդիայի միջոցով։
Գյումրիում դեռևս 5 տարի առաջ «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի կողմից ևս մի տպավորիչ ցուցահանդես էր կազմակերպվել՝ «Երկրաշարժ, որ ցնցեց Սովետական Միությունը» վերնագրով։
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ցուցահանդեսի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը, սա իրենց երկրորդ ցուցահանդեսն է, որն ավելի բարդ է ներկայացնելը, քանի որ այն ոչ թե նվիրված է կոնկրետ իրադարձության, այլ երևույթի։
«Կոռուպցիան իմ կարծիքով մեր երկրի խոշորագույն փորձանքն է , մեր երկրի զարգացման խոշորագույն արգելքն է։ Անկախության սկզբից ի վեր մեդիան լուսաբանել է կոռուպցիան, սկզբում շատ միամիտ, նույնիսկ կոռուպցիա բնորոշումը շատ հաճախ շփոթում էին կաշառք, կաշառակերության հետ։ Կոռուպցիան համակարգված է և միշտ կապված է իշխանության հետ, իշխանության հովանավորությամբ է արվում։ Մենք, որպեսզի կարողանանք այդ ահռելի երևույթը մերկացնենք, առանձնացրեցինք 7 հնչեղ գործերը, կոռուպցիոն սկանդալները և ներկայացրեցինք, թե մեդիան ինչպես է լուսաբանում, ինչպիսի հաջողությունների է հասել հետաքննական լրագրությունը, որ զբաղված է կոռուպցիայի լուսաբանմամբ, ինչպիսի ձախողումներ են եղել»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը։
Ցուցահանդեսում ներկայացվում են նաև հեղինակների ու փորձագետների հետ հարցազրույցներ։
7 կոռուպցիոն սկանդալներից մեկը ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ պանամական օֆշորային սկանդալի մեջ ընդգրկված լինելու «Հետք»-ի բացահայտումն էր։ Ըստ մեր զրուցակցի՝ այս գործը որոշակի հաջողության հասել է այն իմաստով, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այդ նյութից հետո հրաժարական է ներկայացրել։ «Ճիշտ է, Հանրապետականները նրան ուղարկեցին Ազգային ժողով, որ նա հայտնվեց Ազգային ժողովում, դա արդեն իշխանության մեղքով է, բայց լրագրողները իրենց գործը կատարել են արհեստավարժ», -ասում է մեր զրուցակիցը։
Ցուցահանդեսում ներկայացված է նաև գոմեշի մսի վերաբերյալ աղմկահարույց պատմությունը ու առհասարակ բանակում տիրող կոռուպցիան, կա անդրադարձ «Արմենթել»-ի ու մենաշնորհների մասին, շոշափվում են նաև Հայաստանում ողբերգության վերածվող ընտրությունները, քրեակատարողական հաստատություններում ու իրավապահ համակարգում տիրող իրավիճակը, ընդգրկված են նաև հաղորդումներ, ֆիլմեր։
Մենք հետաքրքրվեցինք, թե երբևէ փորձե՞լ են ցուցահանդեսին հրավիրել կոռուպցիոն սկանդալների հասցեատերերին։ Պարզվեց, նրանք ամեն ինչ անում են ցուցահանդեսի կազմակերպումը ձախողելու համար․ թե՛ Երևանում, և թե՛ Գյումրիում տրամաբանությունից դուրս վարձավճար են ուզել ցուցասրահ հատկացնելու համար։
Ըստ մեր զրուցակցի, Գյումրիում «աներևակայելի» գումար են պահանջել՝ հաստատություններից մեկի միջանցք տրամադրելու համար։ «Հասկանալի էր, որ դա քաղաքական պատճառներ ունի։ Որոշ իմաստով սա արգելված ցուցահանդես է»,- ասում է մեր զրուցակիցը։
Այն Գյումրիում կգործի ապրիլի 11-20-ը, որից հետո կցուցադրվի հանրապետության մյուս քաղաքներում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ