ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային՝ չնայած դրանց պատասխան տալու ռուսական սպառնալիքներին, իսկ հետո առաջարկել դադարեցնել սպառազինությունների մրցավազքը:
«Ռուսաստանը խոստանում է խոցել ցանկացած հրթիռ, որոնք կարձակվեն Սիրիայի ուղղությամբ: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, դրանք կթռչեն, դրանք այնքան գեղեցիկ են, նոր և «խելացի»: Դու չպետք է լինես Գազանի, Գազով Սպանողի գործընկեր, որը սպանում է իր մարդկանց և դրանից հաճույք ստանում»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում:
Ավելի ուշ Թրամփը մեկ այլ թվիթ է արել՝ այս անգամ այլ տոնայնությամբ:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի վատ են քան երբևէ, այդ թվում քան Սառը պատերազմի ժամանակ: Դրա համար պատճառ չկա: Ռուսաստանին պետք է մեր օգնությունը՝ իր տնտեսությունը զարգացնելու համար, մի բան, որ շատ հեշտ կլինի անել, և մեզ պետք է, որ բոլոր ազգերը միասին աշխատեն: Դադարեցնե՞նք սպառազինությունների մրցավազքը»,- գրել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ