Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց, թե հնարավոր չէ՞ մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրում ներառեն նաեւ այն երիտասարդներին, որոնք մինչ ամուսնանալը հիփոթեքով բնակարան են փորձել ձեռք բերել, որովհետեւ կան երիտասարդներ, որ ուզում են ամուսնանալ, այդ դեպքում նրանք չեն կարող օգտվել երիտասարդ ընտանիքների համար նախատեսված բնակարանի ծրագրից:
Արամյանը պատասխանեց, որ «Բնակարան երիտասարդներին» ծրագիրը սոցիալական ծրագիր է եւ հիմնական թիրախը եղել են այն երիտասարդները, որոնք խնդիրներ ունեն, չունեն բնակարան: Նա ասաց, որ քառակուսի մետրով հաշվարկներն արված են. «Մեր հնարավորությունների շրջանակներում ձեր ասած խումբը կնայենք, մեծանում է խումբը, մեր բյուջետային հնարավորությունների տեսանկյունից պետք է նայենք»;
Արամյանն ասաց, որ եթե շրջանակը ընդլայնեն, պայմանները պետք է կոշտացնեն, որովհետեւ բյուջեն այսօր այդ հնարավորությունները չունի, ծախսերը շատ են: Նա ասաց, որ դեռեւս պետք է ավարտին հասցնեն մեկնարկած ծրագիրը: Այդ գործիքը աշխատում է, կա պահանջարկ ու պետք է թիրախավորեն ամենակարիքավորներին:
Կյուրեղյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի առաջարկած 4 մլն-անոց Հայաստան ունենալու ծրագիրը ու ասաց, որ պետք է ամեն ինչ անեն՝ ծնելիությունը խթանելու:
Վարդան Արամյանն էլ ասաց, որ այսօր ունեն ծնելիությունը խթանող այլ գործիքներ. «Պետք է որոշում կայացնենք՝ որ՞ն է այն գործիքը, որը ավելի լավ կծառայի նպատակին»:
«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ ՊՆ նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին հարցրեց ԿԳ բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող պարտադիր զինծառայության տարկետում տալու կարգի մասին որոշումից: Նա ասաց, որ շատ ծնողներ սպասում են որոշմանը, որ տեսնեն, թե ինչ պայմաններում իրենց զավակներին տարկետում կտան, ե՞րբ կարող են քաղաքացիներին հստակ ներկայացնել, թե ինչ պայմաններով է գործելու դա:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ բացառիկ դեպքերում, ինչպես ասում էին նախկինում, կարող են տրվել տարկետումներ. «Այն նախագիծը, որը հրապարակվել է, բովանդակային առումով լուրջ փոփոխության չի ենթարկվելու, դրանք են պայմանները: Նախարարական կոմիտեում արդեն քննարկվել է եւ կառավարության առաջիկա նիստերից մեկում ընդունվելու է:
«Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հիշեցրեց իր հարցազրույցները, որտեղ նա խոստումներ է տալիս հաջողություններ արձանագրելու, կանխատեսում է ունենալ տնտեսական աճ, ֆունդամենտալ բարեփոխումներ անել: Նա ներկայացրեց վիճակագրական տխուր ցուցանիշները՝ աղքատության բարձր շեմի, արտահանման մասին. «Ինչքա՞ն աճ պետք է ունենա ՀՀ քաղաքացու կյանքի միջին տեւողությունը, որ կարողանանք այս կանխատեսումները, որ դուք հմտորեն անում եք, կարողանանք ականատես լինել սրանց իրականացմանը»:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ 7.5 տոկոս տնտեսական աճն իրականում ամենաբարձրն է բոլոր իմացած համեմատելի երկրների հետ տարածաշրջանում: Նա ասաց, որ երբ տնտեսական աճ է խոստացել, հաջողություններ խոստացել, իրականում դա արել է. «Այս 1.5 տարում համոզված ենք, որ դա ցույց ենք տվել»:
Նա ասաց, որ այս տարի կանխատեսել են 4.5 տոկոս տնտեսական աճ, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, դրանից բարձր թիվ են կանխատեսում ու գալու են նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգա. «Իսկ ինչքան երկար ապրի՝ ինչքան երկար կապրի, այնքան լավ»: Պատգամավորները ծիծաղեցին:
Թանդիլյանը արձագանքեց. «Կարող է ձեզ համար դա զավեշտալի է հնչում, բայց իրողությունն այն է, որ այն տնտեսական աճը, որ դուք հնչեցնում եք, որեւէ շոշափելի ազդեցություն չի ունենում քաղաքացու կյանքում»:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ուզո՞ւմ եք իրականում իմ կարծիքը լսել՝ 7,5 տոկոս տնտեսական աճը բավարա՞ր է, որ բոլոր խնդիրները լուծենք՝ ոչ, 100 տոկոս աճը բավարա՞ր է՝ ոչ, մեկ տարվա մեջ հնարավո՞ր է բոլոր խնդիրները լուծել որեւէ երկրում՝ ոչ: Հիմա դուք եկեք մեզ գնահատեք՝ մենք այսօրվա ստարտային պայմանների մեջ լա՞վ ենք արել, թե՞ ոչ: Յուրաքանչուր հայ ուզում է, որ իր կյանքն այդ տարվա մեջ բարելավի, ինքը ճիշտ է անում, եւ յուրաքանչյուրի հերթը կարող է այդ տարի չհասնի: Ամբողջ խնդիրը նրանում է՝ ինչքա՞ն տնտեսական աճ լիներ, որ բոլորն իրենց վրա զգային, գոյություն չունի այդպիսի բան, այդ պրոցեսն անընդհատ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ