«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, իր խոսքով՝ գույժ էր լսել՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը արդեն տեղապահել է իր տեղն ապագա կառավարությունում:
Նա ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հարց ուղղեց. «Իր վերջին շրջանի գործունեությունն ու անգործությունը շատ հարցեր են առաջացնում, բայց ես մեծ հաճույքով կհարցնեի՝ Նոր տարվա ուղերձում, որ լրագրողներին ասացիք՝ հեռու կմնաք փինաչիներից, ո՞ւմ նկատի ունեիք, կամ որ ամեն անգամ լրատվամիջոցներից խորշում եք, ասում եք՝ ուշանում եմ, այդ ո՞ւր եք ուշանում»:
Պետրոսյանը հարցրեց, թե ինչո՞ւ է խորշում ԱԺ լսումներից, որպես համակարգի պատասխանատու, նա ասաց, որ արդեն 1 տարի է, նախարարությունն է ղեկավարում ու կարո՞ղ է ձեւակերպել մի կետ, որտեղ ունի հաջողություն. «ինչպե՞ս է պատահում, որ ամենաանմխիթար նախարարության ղեկավարը ամենաժպտադեմ նախարարն է»:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը տեղից միջամտեց՝ «կոռե՞կտ ա տենց հարց տալը»: ԱԺ-ից պատասխանեցին, որ՝ այո:
Լեւոն Ալթունյանը երկար մտմտում էր՝ մոտենա՞ ամբիոնին, պատասխանի՞ հարցերին, թե՞ ոչ: Մեկ փորձեցին ասել՝ գրավոր հարցն ուղարկեք՝ կպատասխանենք, այդ տարբերակն ունեին, հետո, այնուամենայնիվ, Ալթունյանը ոտքի կանգնեց ու մոտեցավ ամբիոնին՝ ժպիտը դեմքին. «Ճիշտն ասած, ես գնահատականների հետ համաձայն չեմ, որ նախարարությունն անմխիթար է եւ ոլորտն է անմխիթար, մենք ունենք բազմաթիվ բարձրորակ բժիշկներ: Կյանքի միջին տեւողությունը ՀՀ-ում միջին համաշխարհային աղյուսակին համահունչ է, մենք գտնվում ենք միջին տեղում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նախկինուն մեկ անգամ անդրադարձել եմ՝ Արարատ Մկրտչյանից հետո երկրորդ առողջապահության նախարարն է, որ գործից հասկանում է: