Հայաստանի չորս մարզերում կան ականապատված եւ վտանգավոր՝ կասկածելի տարածքներ՝ 17 միլիոն ք/մ ընդհանուր տարածքով: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է որպես ականների վտանգի իրազեկման եւ հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր, որի առթիվ այսօր ԵՊՀ-ում մասնագիտական քննարկում է կազմակերպվել:
«Այդ տարածքներում բնակվում է ընդհանուր առմամբ 35 000 բնակչություն, որը զրկված է ազատ տեղաշարժման իրավունքից՝ ականային վտանգի պատճառով: Սահմանափակված է նաեւ նրանց աշխատանքային իրավունքը՝ անասնապահություն, հողագործություն: Բնականաբար, այդ համայնքները շատ դանդաղ են զարգանում, դժվար է աղքատությունը հաղթահարել, մանավանդ՝ աճող արտագաղթի պայմաններում»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Ռուբեն Առաքելյանի փոխանցմամբ՝ 2007թ.-ի համեմատ վտանգավոր գոտիներում բնակվող բնակչության թիվը կրճատվել է երկու անգամ: Առաքելյանը նշեց, որ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնն» ամեն տարի շարունակում է ականազերծման աշխատանքները, սակայն դրանք շատ դանդաղ են ընթանում, որովհետեւ մի քանի տարի է՝ միջազգային դոնորական ֆինանսավորում այլեւս չկա: «Ցավոք, կառավարությունն այսօր հնարավորություն չունի ֆինանսավորել ականազերծումը: Ցանկացած երկրում էլ դա միջազգային աջակցությամբ է կատարվում, քանի որ մեծ ներդրումներ է պահանջում»,-նկատեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ ՀՀ-ում արդեն իսկ հետազոտված որոշ վտանգավոր տարածքներում տեղագրված են նախազգուշացնող պաստառներով ցուցանակներ (լուսանկարում): Դրանց մասին պետք է հնարավորինս տեղեկացնել երեխաներին, ծանոթներին ու հարազատներին: Կյանքին սպառնացող վտանգից խուսափելու համար արգելված է մուտք գործել այդ նշագրված տարածքները:
Չի կարելի նաեւ հանել կամ տեղաշարժել ցուցանակները, քանի որ այդպես վտանգվում է այլ քաղաքացիների կյանքը: Տարածքի ականապատված լինելու մասին կարելի է գլխի ընկնել հետեւյալ բնորոշիչների միջոցով. բարձր խոտածածկույթ, պտուղներով առատ ծառեր (տեղացիները չեն մոտեցել դրանց՝ տեղեկացված լինելով ականների առկայության մասին), անմշակ հողեր, ավերված շինություններ, պայթած տեխնիկա, սատկած կենդանիների մնացորդներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարներում՝ հակատանկային եւ հակահետեւակային ականներ