Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բոգդան Կալյուսկու մոտ հայտնաբերվել է իր լուսանկարներով, բայց երկու տարբեր անուններով ուկրաինական 2 տարբեր անձնագրեր. ՀՀ դատախազություն

Ապրիլ 11,2018 17:26

Պարզաբանում Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկու (Մաքսիմ Բայդակ) նկատմամբ քրեական հետապնդման իրական հանգամանքների վերաբերյալ

Հաշվի առնելով, որ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսու նկատմամբ իբր ապօրինի քրեական գործ հարուցելու, նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու մասին առանձին իրավապաշտպանների կողմից արված հայտարարությունները կարող են տեղի ունեցածի շրջանակներում իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության նկատմամբ թյուր պատկերացումներ ձևավորել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

«Զվարթնոց» օդանավակայանում անձնական խուզարկությամբ Բոգդան Կալյուսկու մոտ հայտնաբերվել է իր լուսանկարներով, բայց երկու տարբեր անուններով ուկրաինական 2 տարբեր անձնագրեր. մեկը՝ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված 27.01.2017թ.՝ Մաքսիմ Բայդակի տվյալներով, մյուսը՝ 22.01.2018թ. տրված Բոգդան Կալյուսկու տվյալներով: Պարզվել է, որ Մաքսիմ Բայդակը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեության իրակա­նաց­ման հանրային կոչեր կամ ահաբեկ­չութ­յան հանրային արդարացում՝ որոնք կատարվել են զանգվածային տեղեկատվության միջոցների օգտա­գործմամբ):

Մարտի 31-ին նշված անձը ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից:

Պարզվել է նաև, որ Մաքսիմ Բայդակը մարտի 27-ին թիվ 613 չվերթով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետով մուտք է գործել՝ օգտագործելով Բոգդան Կալյուսկու անվամբ տրված Ուկրաինայի քաղաքացու անձնագիրը:

Հասկանալի է, որ Հայաստան մուտք գործելիս սահմանային անցակետում նա որևէ խնդիր չի ունեցել այն պարզ պատճառով, որ Բոգդան Կալյուսկու անձի հետ կապված հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ չեն եղել:

Այսինքն՝ ակնհայտ է, որ առերևույթ տեղի է ունեցել անձը հաստատող ոչ օրինական, կեղծված փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանի ապօրինի հատում, ինչի հիմքով էլ 2018թ. մարտի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ պարզելու նպատակով: Ապրիլի 1-ին Մաքսիմ Բայդակին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթերի օգտագործում) և 329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու) նախատեսված հանցավոր արարքների կատարման համար:

2018թ. ապրիլի 1-ին հարուցված այս քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Մաքսիմ Բայդակի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով:

Անընդունելի է, և որևէ տրամաբանական բացատրություն չունի գործի իրական և ամբողջական հանգամանքներին անտեղյակության պայմաններում ասուլիսային և նմանատիպ այլ ձևաչափերով փաստերի խեղաթյուրման միջոցով «իրազեկման», իսկ իրականում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների վարկը գցելու, տեղի ունեցածին քաղաքական աստառ հաղորդելու համառ հետևողականությունը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30