Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ասաց. «Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապել, ՀՀԿ-ն ձեզ որպես տեխնոլոգիա շատ լավ կիրառեց ընտրությունների ժամանակ եւ մարդիկ այդ տեխնոլոգիային տրվեցին: Հիմա կա շատ լուրջ հիասթափություն կոնկրետ ձեզանից, որովհետեւ մարդիկ կարծում էին, որ դուք կլինեք վարչապետ»:
Նա հարցրեց նաեւ՝ ռուբլին հիմա գահավիժում է, սանկցիաների մասին գիտեք, գիտեք, որ նոր պատերազմ է սկսվելու եւ լուրջ խնդիր է ունենալու նաեւ մեր երկիրը, դուք ունե՞ք տեսլական, թե ինչպես ենք մենք այս իրավիճակից դուրս գալու, ԵԱՏՄ տնտեսությունը ավելի է հարվածի տակ ընկնելու:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, չի համընկնում շատ մարդկանց կարծիքի հետ»:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից կախված լինելուն՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ ճիշտ ենք արել՝ մի պարզ պատճառով, որ մեր տնտեսությունը, մեր պոտենցիալն ուղղված է այդ շուկաների վրա: Ունենալով հավելյալ արտոնություններ՝ մենք 170 մլն-անոց շուկա ունենք: Ավելին՝ դա ինվեստորին հրավիրելու խնդիր է: Եթե վիճակագրության հետ ծանոթանաք, մենք 2017-ին էքսպորտ-իմպորտի աճ ունեցել ենք ավելի շատ այլ շուկաներում, քան ԵԱՏՄ-ում եւ որեւիցե սահմանափակում մենք չունենք այդ շուկաներ մտնելու առումով»:
Նա ասաց, որ վատ է, որ մեզ համար հասկանալի շուկայում պրոբլեմներ կան, «բայց դա կատաստրոֆա՞ է՝ ոչ»:
Մարուքյանն ասաց, որ ինքն անձամբ չի հիասթափվել Կարապետյանից, որովհետեւ հույս էլ չի կապել. «բայց կային մարդիկ, ովքեր հույս էին կապել եւ նաեւ կային քաղաքական գործիչներ, ովքեր հույս էին կապել, հիասթափվել են»:
Մարուքյանը նաեւ նշեց, որ մեր վարորդները ՌԴ-ում էլի խնդիրներ ունեն, արդեն մեկուկես տարի է՝ նույնիսկ այդ խնդիրը չեն լուծել. «Մի հատ վարորդական իրավունքի հարց չի կարողացել լուծել կառավարությունը, ինչի՞ մասին է խոսքը»: Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Որովհետեւ կառավարությունը այդ հարցին այդքան ուշադրություն, ինչքան դուք փորձում եք տալ, չի տալիս»:
Մարուքյանը բողոքեց, որ ռուբլու հետ կապված իր մտահոգությանը չարձագանքեց՝ Կարեն Կարապետյանը տոնը բարձրացրեց՝ ասելով, որ կատաստրոֆա չկա. «իսկ ի՞նչ եք առաջարկում, գնանք ռուբլու ռեգուլյացիա՞ անենք, թե՞, ասենք, վաղը մյուս օրը եվրոպական շուկայում չի կարող լինել ճգնաժամ: Հասկանում եք, հարցադրումը ինձ համար այնքան անհասկանալի է: Ասում եք՝ վարորդները պրոբլեմ ունեն, պրոբլեմ ունեն, կլուծենք, վա՛յ, էդ ի՞նչ մի խնդիր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ