Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանցին «գրկել» է չպայթած ականը ու փորձագետին ասել. «Քուր ջա՜ն, իմ ձեռով եմ քանդել, մի վախի»

Ապրիլ 11,2018 17:08

Ականների վտանգի իրազեկման եւ հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օրվան նվիրված մասնագիտական սեմինարի ընթացքում այսօր ԵՊՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման ծրագրի ղեկավար Ալլա Բակունցը զավեշտալի դեպք պատմեց: Նա նշեց, որ վերջերս «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ այցելել են Սեւանի շրջանի որոշ գյուղեր, որոնցից մեկից ականապատված տարածքի մասին ահազանգ են ստացել:

«Սահմանային գյուղերից մեկում ռիսկային տարածքներ կան: Տեղացիներից մեկը ասաց, որ մեզ կուղեկցի: Ճանապարհի մի մասն անցանք մեքենայով, մյուսը՝ ոտքով: Բլրի վրա բարձրացանք, դիմացը դաշտ էր: Այդ տղան ասաց, որ տեղում սպասենք, ապա ծառերի արանքում անհետացավ…հետ եկավ չպայթած ականը երեխայի պես գրկած ու ասաց՝ «քուր ջա՜ն, էն որ ասում էի՝ էս ա»…»,-պատմեց Ալլա Բակունցը:

Նրա փոխանցմամբ՝ փորձագետները երիտասարդի անմիջականությունից սկզբում շփոթվել են. «Այդ տղան, սակայն, ասաց՝ «տենո՞ւմ ես ոտերը՝ իմ ձեռով եմ երկու օր առաջ քանդել, մի վախի»:

Այս օրինակն Ալլա Բակունցը մեջբերեց՝ ընդգծելու համար, թե որքան կարեւոր է իրազեկման մակարդակի բարձրացումը ՀՀ սահմանային գոտիների բնակիչների համար: Ի դեպ, ականի կամ այլ լքված զինամթերքի հանդիպելիս պետք է անմիջապես ահազանգել ԱԻՆ կամ ոստիկանություն, կամ դիմել 08000-9000 թեժ գծի օգնությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ չպայթած եւ վնասազերծված ականներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30