Ապրիլի 11-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանին:
Հանդիպմանը ներկա էր նաև իրանահայ հայրենադարձ Խաչիկ Խաչատուրյանը:
Ողջունելով Թեհրանի Հայոց թեմի առաջնորդին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ մեծ երջանկություն է նորից հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի հետ: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց նաև, որ Իրանի հայ համայնքը կառչած է իր ինքնությանը, և հույս հայտնեց, որ իրանահայ մեր հայրենակիցներն առավել ակտիվորեն կմասնակցեն Սփյուռքի նախարարության 2018 թվականի ծրագրերին, մասնավորապես՝ «Իմ Հայաստան» փառատոնին, հուլիսի 6-8-ը կայանալիք Համահայկական երիտասարդական հավաքին, «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Սարգիսյանը նշեց, որ համայնքը պատրաստվում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների տոնակատարություններին: «Մի շարք միջոցառումներ ունենք, կկազմակերպվեն նաև դասախոսություններ, հանդիպումներ: Երբ նայում ենք մեր պատմության ընթացքին, կրած դժվարություններին, անհնար է չնկատել, որ միայն աստվածային հրաշքով է պայմանավորված մեր գոյությունը, որ այսօր մենք կանք, կան ազատ, անկախ Հայաստանն ու Արցախը, կազմակերպված Սփյուռքը: Մեր միակ փրկությունը հզոր Հայրենիքն է»,-նշեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ