Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն»-ը տալիս են պաշտպանության նախարարությանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգից, որտեղ ներառվել է որոշման նախագիծը:
Այս նախագծով սահմանվում է՝ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Նման որոշումն, ըստ նախագծի, մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերի հիման վրա է իրականացվում:
Այս հիվանդանոցը պաշտպանության նախարարին հանձնելու անհրաժեշտությունը նախագծով հիմնավորվում է հետեւյալ կերպ. «Հիվանդանոցն ու ՀՀ պաշտպանության նախարարության Բերդի առանձին բժշկական ջոկատը, որը գործում է զորամասի տեսքով, տեղակայված են մեկ տարածքում: Բերդի տարածաշրջանի բնակչության շրջանում բարդ վիրաբուժական դեպքերի հիմնական մասը սպասարկվում է ջոկատի կողմից: Միաժամանակ, հիվանդանոցը տեխնիկապես հագեցած է ավելի բարձրորակ բժշկական սարքավորումներով, շենքային պայմաններն ավելի բարվոք են: Հիվանդանոցը եւ ջոկատն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները, երբեմն նաեւ խանգարելով մեկմեկու: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու արդյունքում փոշեցրվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը»:
Aravot.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Մարդանյանը, որը մինչ Բերդի Բ/Կ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելը եղել է հոսպիտալի պետի տեղակալը, ասաց. «Մինչեւ հիվանդանոց իմ գալը, հիվանդանոցում վիրաբույժ չի եղել: Ես անցյալ տարվա ապրիլից եմ այստեղ, ես էլ եմ վիրաբույժ, ունենք նոր վիրաբույժներ: Այդտեղ հին տվյալներ են, մի քանի տարի առաջվա: Չգիտեմ՝ նախագծում ինչ են գրել»:
Մարդանյանն այս որոշմանը կողմ է, ասաց. «Հիմա ֆինանսավորումն էլ ավելի շատ կլինի: Երկու հիմնարկից մեկն է լինելու եւ քաղաքացիներին է սպասարկելու, եւ զինվորականներին»: Եվ, ըստ էության, Տավուշի մարզպետարանի ենթակայության տակից այս հիվանդանոցն անցնում է ՊՆ-ին:
Նախագծով նաեւ առաջարկվում է՝ հիվանդանոցին վերապահել տարածաշրջանի բնակչության եւ ՊՆ զորամասերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ զինծառայողներին հավասարեցված անձանց բժշկական օգնությունը եւ սպասարկումը, որի արդյունքում ջոկատը զորամասերի կազմալուծման համար սահմանված կարգով կլուծարվի:
Նախագծի հեղինակները գտնում են, որ այս կերպ բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացն առավել պատշաճ կիրականացվի, իսկ առկա ներուժն առավել արդյունավետ կօգտագործվի:
Նախագծից նաեւ տեղեկանում ենք, որ նախատեսվում է Սիսիանի եւ Վարդենիսի հիվանդանոցների կառավարումն էլ հանձնել պաշտպանության նախարարությանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարում՝ Բերդ քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը 24.07.2015-ին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը