ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ընտրվել է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Այդ մասին, այսօր խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրեց պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը: Վերջիններս օրերս մասնակցել են է ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստի աշխատանքներին:
Հանձնաժողովի անդամ 12 պետություններից փոխնախագահի պաշտոնում ընտրվելու իրավունք են ունեցել չորս պետություններ, որից մեկը Հայաստանն է եղել:
Վահե Էնֆիաջյանն իր ելույթում խոսել է Հայաստանում բիզնես միջավայրի մասին՝ ներկայացրել նրա դրական եւ իրավական առումով նպաստավոր կողմերը:
Դեկտեմբերին, Կիեւում կայացած ՍԾՏՀ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում սկանդալ էր եղել՝ հայկական պատվիրակությունից գաղտնի փաստաթուղթ էր ընդունվել, որը ներառում էր քաղաքական հայտարարություն, մասնավորաբար, չկարգավորված հակամարտությունների մասին: Այդ առիթով, ի նշան բողոքի, հայկական պատվիրակությունը լքել էր դահլիճը:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ կիեւյան սկանդալի ստվերը այս անգամ է՞լ կար, ինչպե՞ս էին ընդունում հայկական պատվիրակությանը: Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց, որ ամեն ինչ նորմալ էր, ուկրաինական պատվիրակության անդամներն իրենց հետ նորմալ շփվել են: Պատգամավորը հիշեցրեց՝ այդ սկանդալից հետո հայկական կողմը նամակներով դիմել էր բոլոր երկրներին, որպեսզի դատապարտեին կատարվածը: Իհարկե, հրապարակային դատապարտումներ չեղան:
Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցնում է՝ Կիեւում կատարվածն, ըստ էության, ՌԴ-ի դեմ էր, նաեւ հավելում է, որ այդ միջադեպից հետո պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, մի շարք առաջարկներ է արել՝ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու, որոնք ընդունվել են:
Ի դեպ, ադրբեջանական պատվիրակությունը այս նիստին չի մասնակցել: Այսօր այդ երկրում նախագահական ընտրություններ են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ