Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017-ի գործունեության մասին հաղորդումն է քննարկվում ԱԺ-ում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն այսպիսի հարց ուղղեց. «Զեկույցում այսպիսի ձեւակերպում կա՝ նախընտրական քարոզչության ընթացքում առանձին խախտումներ վերաբերել են բարեգործական առանձին դեպքերի կամ այլ մասնավոր դեպքերի, որոնք որեւէ ազդեցություն չեն ունեցել ընտրության արդյունքների վրա: Կայացվել է որոշում՝ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: Ասենք, ինչպե՞ս է վերացվել կատարված «բարեգործությունը», կամ արված ասֆալտը»:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչության ընթացքում գյուղեգյուղ ընկած՝ ասֆալտ էր փռում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը:
Զեյնալյանը հարցրեց նաեւ՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով եք որոշել, որ դա չի ազդել ընտրության արդյունքների վրա կամ գոնե այդ բնակավայրում տեղամասերի քվեարկության արդյունքների վրա:
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է վերացնել բարեգործությունը, երբ դա հնարավոր է: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նախընտրական քարոզչության ընթացքում հնչում էին կոչեր կամ դիրքորոշում՝ կապված ընտրողներին տարբեր խոստումներ տալու հետ: Հանձնաժողովն անմիջապես փորձել է արձագանքել եւ նման արձագանքումը բերեց այն հանգամանքին, որ հետագայում նման կոչերը սկսեցին բացառվել»:
Ինչ վերաբերում է ասֆալտին՝ Մուկուչյանը հիշեց, որ ԱԺ ընտրություններին նման դիմում իրենք ստացել են, բայց դա այն դեպքը չէր, որով հնարավոր էր դիմել դատարան՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, որովհետեւ այդ պարագայում քննարկվում էր կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու կամ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: Նա ասաց, որ գրանցումն ուժը կորցրած ճանաչելը պետք է լինի ծայրահեղ քայլ, ծայրահեղ պարագայում, հակառակ դեպքում դա կվերածվի մի գործիքի, որով թեկնածուների գրանցումը կարող են լայն թափով ուժը կորցրած ճանաչել:
Զեյնալյանը նորից փորձեց ճշտել՝ ասֆալտը արել են, բարեգործությունն արել են, ի՞նչ չափանիշով եք որոշել, որ դրանք ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա, քանի՞ մարդու կամք է փոխվել այդ ազդեցությունից:
Տիգրան Մուկուչյանը որեւէ հստակ պատասխան չտվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ