Անուշ Լալայանը տեղեկացրել էր, որ երբ «Իմքայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները Շահեն Հարությունյանի գլխավորությամբ ԵՊՀ-ի տարածքում գալիք հանրահավաքի վերաբերյալ իրազեկում էին իրականացնում, իրենց են մոտեցել ԵՊՀ-ի աշխատակիցներ, քաշքշել են իրազեկում իրականացնողներին, սպառնացել են, որ եթե շարունակեն իրազեկումը, կդիմեն ավելի խիստ միջոցների:
Aravot.am-ը կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին- Տերյանից:
«Ըստ մեր ունեցած տեղեկատվության՝ ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է կաղապարով ինչ-որ գրություն ներկել ԵՊՀ գրադարանի պատին, ինչը անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Վերջիններս թույլ չեն տվել նաև ԵՊՀ շենքում թռուցիկներ բաժանել։ Ապա իրազեկողները հրավիրվել են շենքից դուրս, քանի որ ԵՊՀ-ում քաղաքական գործունեությունը օրենքով արգելվում է։ Իրազեկողների խմբի մեջ, ԵՊՀ ուսանողներից բացի, կար նաև միջինից բարձր տարիքի մի տղամարդ, որը ոչ սթափ վիճակում էր գտնվում։ Շենքից դուրս հրավիրելու ժամանակ կրքերը մի փոքր թեժացան, ԵՊՀ այլ ուսանողներ ու աշխատակիցներ ևս հավաքվեցին, սակայն ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, երիտասարդները հասկացան ու ընդունեցին օրենքի պահանջը և դուրս եկան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից»,-հայտնեց Գեւորգ Էմին-Տերյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ