Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանում եմ Բոստանջյան Վարդանի սրբագույն խոսքերին՝ դեղերն էժանանալու են». Հակոբ Հակոբյան

Ապրիլ 11,2018 15:42

«Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնագիտորեն բացատրեց, թե ինչ են առաջարկում պատգամավորները նախագծով: Նրա խոսքով՝ իրենք ոչ թե ուզում են, որ հիվանդանոցներն էլ սկսեն դեղ ներկրել ու վաճառել, այլ ուզում են, որ հիվանդանոցն իրավունք ունենա ներկրել՝ իր կարիքների համար:

Ըստ նրա, շուկային կարող են այսպես զսպել: Եթե հիվանդանոցն ունի հնարավորություն, որ ինքը կարողանա ներկրել, հիվանդի վրա ծառայությունը չի թանկանա: Իհարկե, դեղ ներկրողները մեծածախ գնելիս ավելի էժան կարող են ձեռք բերել նույն դեղը, քան հիվանդանոցը՝ քիչ քանակով: Իրեն ավելի ձեռնտու կլինի էժան բերի եւ մատչելի վաճառի, հիվանդանոցն էլ կնախընտրի, եթե գնային առումով տարբերությունը շատ չէ, ձեռք բերի ներկրողից, այդպես գները կիջնեն:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ հիվանդանոցը, ինչքան էլ պրոֆեսիոնալ լինի եւ ճիշտ հաշվարկ փորձի անել, կունենա դեղերի ավելցուկ: Այդ ավելցուկը ժամկետի խնդիր ունի, հիվանդանոցի տնօրինությունը պիտի մտածի, թե ինչ անի այդ ավելցուկի հետ, քանի որ վաճառել չեն կարող, ուստի փչացած ավելցուկի գինը կնստի ծառայության վրա ու ծառայությունների գինը կբարձրանա, ոչ թե կիջնի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ վերջին օրենսդրական նախաձեռնություններից տպավորություն է, որ իշխանության ներկայացուցիչները ներքին բիզնեսների վերաբաշխման փուլ են սկսել եւ ակնհայտ շահերի բախում է նկատվում. «Մարդիկ, որոնք ունեն դեղատներ, մեկ էլ տեղերից առաջարկում են, ասում են՝ դե եկեք դեղատներին էլ հնարավորություն տանք ներկրելու դեղորայք: Մենք միանշանակ կողմ ենք շուկայում ազատականացմանը, բայց դեղերի ոլորտում տիրում է կատարյալ բեսպրեդել մեր երկրում եւ ոլորտը պիտի համակարգային փոփոխության ենթարկվի»:

Նա ասաց, որ հիվանդանոցներին այս արտոնությունը տալով՝ կասկածում է, որ դեղերի գինը կիջնի. «Հիվանդը, գալով հիվանդանոց, դառնում է այդ հիվանդանոցի պատանդը, վե՛րջ, ինչ գին էլ ասեն, ստիպված է լինելու այդ գնով այդ դեղորայքն առնել՝ հատկապես, որ ավելի փոքր ծավալով է հիվանդանոցը ներկրելու, քան ներկրողը եւ ինքը չի կարողանալու առավել էժան տալու այդ գինը: Ինչ-որ ներքին վերաբաժանում է գնում այս ոլորտում շահագրգիռ անձանց»:

Նույն խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ իրենց խմբակցության անդամներին հակադարձեց՝ ասելով, որ ինքը երկու ձեռքով կողմ է այս օրենքին եւ վստահ է, որ դեղերի գինն էլ էժանանալու է: Նա հակադարձեց նաեւ Սերգեյ Բագրատյանին, թե ինչո՞ւ պիտի հիվանդանոցը դեղերը բերի, հնացնի:

Հիմնական զեկուցող Հակոբ Հակոբյանն էլ ասաց. «Միանում եմ Բոստանջյան Վարդանի սրբագույն խոսքերին՝ դեղերն էժանանալու են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30