Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Ամուլսարի նախագիծն ամենավտանգավորն է»

Ապրիլ 11,2018 15:15

Ամուլսարի հանքավայրի շահագործումը մեծ վտանգ կհասցնի մեր երկրի ջրային ռեսուրսներին: Հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած ծանր մետաղները, ստորերկրյա ջրերի հետ խառնվելով, Որոտան եւ Արփա գետերով լցվելու են Սեւանա լիճն՝ այնտեղից էլ ոռոգման նպատակով հոսեն Արարատյան դաշտավայր: Այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց «Հայաստանի Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

Նրա խոսքով, 15 գերատեսչություն տվել է իր համաձայնությունը հանքը շահագործելու, սակայն նրանցից ոչ ոք, պարոն Սանասարյանի համոզմամբ, Ամուլսարի նախագիծը մինչեւ վերջ չի կարդացել, քանի որ անգամ նախագծում մանրամասն նկարագրվում է թե շրջակա միջավայրին ինչպիսի վնասներ են հասցվելու:

«Ամուլսարի հանքավայրի տնտեսական գնահատման բաժնում գրված է, որ մոտ 5 միլիարդ դրամի վնաս կհասցվի Հայաստանին: Սակայն դա միայն հողին հասցված վնասն է գնահատվում: Բուսական, կենդանական աշխարհին հասցվելիք վնասը սակայն, նախագծում գրված է՝ զրո:

Բայց միաժամանակ նշված է, որ հանքի շահագործումը 1945 հեկտարի վրա ուղղակի ազդեցություն ունի: Ծանր մետաղների ազդեցության հետեւանքով, բուսականությունը կվերանա, կենդանիների վերարտադրությունը կլինի թերի, վիժումներ կունենան, մեռելածնություն, հրեշածնություն»:

Պարոն Սանասարյանի խոսքով, Ամուլսարի տարածքում կան էնդեմիկ բույսեր. «Մատնունի ծիրանավորը տեղափոխելու են բուսաբանական այգի, բայց այդ բույսն այդ տարածքում ապրում է 3000 մետր բարձրության վրա, ժայռերում, հետեւաբար այն բուսաբանական այգում չի կարող գոյատեւել»:

Aravot.am-ի հարցին, թե կառավարության պաշտոնյաները, այլ փորձագետներ վստահեցնում են, որ Ամուլսարի շահագործումը, մյուս հանքերի համեմատությամբ, ամենաանվտանգ եղանակով իրականացվող ծրագիրն է, արդյոք մյուսների համեմատությամբ ավելի անվտա՞նգ է, պարոն Սանասարյանը պատասխանեց, որ սա ամենավտանգավոր նախագիծն է, որի հասցված վնասը շատ ավելի մեծ շառավղով է: Պարոն Սանասարյանը որոշ հաշվարկներ է կատարել ու պարզել, որ մոտ 600 հեկտարի կրած տնտեսական վնասը 125 միլիարդ կլինի: Իսկ հանքատիրոջ ստացած եկամուտները 62 տոննա ոսկի եւ 125 տոննա արծաթն է լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Ամուլսարը շահագործող Լիդիան ընկերությունը վստահեցնում է, որ հանքը շահագործելու է ամենաանվտանգ եղանակով, շինարարության եւ դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում իրականացվելու են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ, ծրագրի շինարարության տարբեր փուլերում էլ բացվելու են մինչեւ 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի եւ շրջակա համայնքների աշխատուժով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30