«Ցանկացած ակցիա, որը չի արգելվում օրենքով, ընդդիմությունը կարող է անել: Որեւէ մեկը չի կարող ասել, որ այդ ակցիան չի կարելի անել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավորների՝ խորհրդարանի դահլիճում իրականացրած ակցիային:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նախատել էր ընդդիմադիր պատգամավորներին՝ ասելով, որ ճայթուցիկներով պատգամավորների առողջությունն են վտանգում: Սերգեյ Բագրատյանն ասում է, որ գունավոր ծուխն իրեն չի վնասել: Նա ասում է՝ այն, ինչն օրենքով արգելված չէ, թույլատրված է:
Հարց հնչեց՝ ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքը նման ակցիաներ չի անում: «Ծառուկյան» դաշինքն ավելի լուրջ ակցիաների է դիմում: Օրինակ, իրականացնում է համակարգային փոփոխություններ, քանի որ ամենամեծ ակցիան ամենօրյա ծանր աշխատանքն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ